Բաժիններ՝

Հոսնի Մուբարաքը Կահիրեի հոսպիտալից տուն է վերադարձել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մարտի 24­-ին դուրս է գրվել Կահիրեի Մաադիի շրջանի զինվորական հոսպիտալից եւ տուն վերադարձել վեց տարի կալանքի տակ գտնվելուց հետո: Այդ մասին «Ալ­Մասրի ալ­Յաում» եգիպտական հրատարակությանը հայտնել է նրա փաստաբան Ֆարիդ ադ Դիբը:

Վերջին տարիներին Մուբարաքը, որին միանգամից մի քանի մեղադրանք էր առաջադրել, կալանքի տակ էր գտնվում զինվորական հոսպիտալում:

Մարտի սկզբին Եգիպտոսի վերաքննիչ դատարանը նախկին նախագահի նկատմամբ վերջնական արդարացնող վճիռ կայացրեց 2011 թվականի հունվարյան անկարգությունների ընթացքում ցուցարարների զոհվելուն մեղսակից լինելու մեղադրանքի գործով: Ավելի ուշ գլխավոր դատախազությունը համաձայնություն տվեց կալանքից նրան ազատելուն:

Ինչպես հայտարարել է նրա փաստաբանը, վերջին օրերին 88-­ամյա Մուբարաքը հոսպիտալում էր մնում բացառապես բժշկական նկատառումներով եւ իրավունք ուներ ցանկացած պահի հեռանալ այնտեղից:

Տանը Մուբարաքին դիմավորել են նրա ընտանիքի բոլոր անդամները: «Նա ընտանիքի եւ ընկերների հետ միասին ճաշակել է եգիպտական ավանդական կերակրատեսակներից մեկը»,­-հավելել է ադ Դիբը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս