Գնդակը ձախ ունքից մտել է ու գլխի կեսը տարել. Սահմանին վիրավորված 19-ամյա զինվորին օգնություն է հարկավոր. news.am
Փետրվարի 8-ին Մարտակերտի դիրքերում հակառակորդի դիպուկահարի գնդակից վիրավորված ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի ընտանիքին օգնություն է հարկավոր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կորյունի հայրը՝ Կամո Կիրակոսյանը պատմեց, որ տղան բանակ է զորակոչվել 2016թ-ի հուլիսի 28-ին՝ Ճամբարակի զինկոմիսարիատից.
«Մենք ընտանիքով ՌԴ-ում էինք, տղաս 6 ամսվա ծառայող էր, 7-րդ ամսում՝ փետրվարի 8-ին, ինքը պոստում ա լինում, թուրքը կրակ ա բացում, զինվորներից մեկը մահանում է, իմ տղաս էլ գլխից ծանր վիրավորվում: Գնդակը ձախ քունքից մտել էր ու գլխի մի մասը տարել երեխուս»:
Հոր խոսքով՝ տղային Մարտակերտում անմիջապես վիրահատել են, մեկ օր մնացել է Ստեփանակերտում եւ հաջորդ օրն իսկ տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ: Մարտի 9-ին Մուրացանից դուրս է գրվել. «Տղաս 8 օր կոմայի մեջ է եղել , հիմա չի կարողանում խոսել, աջ ձեռքն ու ոտքը թույլ են, գրեթե չի զգում, ձախ աչքն էլ չի տեսնում, մենակ գլխով հասկացնում է»,-ասաց զինվորի հայրը:
Կորյուն Կիրակոսյանի խոսքով՝ դեպքից հետո մինչ օրս ՊՆ-ից որեւէ մեկը իրենց չի այցելել եւ չի հետաքրքրվել զինվորի առողջական վիճակով. «Մենակ քաղաքապետն ա 30 հազար դրամ տվել ու մարզպխետը 50 հազար, ոչ ոք դաժե զինվորական կողմից չի հետաքրքրվում իրենց զինվորի մասին, մեկ շաբաթ է, ինչ տղաս իմ պահանջով վերականգնողական բուժում է ստանում Կարմիր Խաչի կենտրոնում»:
Զինվորի հայրը դեպքից 10 օր անց նամակ է հանձնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, սակայն պատասխան մինչ օրս չի ստացել: Հոր խոսքով, մեկ ամիս շարունակ իրենք Երեւանում բնակարան են վարձակալել, որ մոտ լինեն տղային, բայց մեկ ամսից ավելի չեն կարողացել մնալ, քանի որ տան վարձը հնարավոր չէր այլեւս վճարել: Հայրը մնում է հիվանդանոցում եւ խնամում տղային, իսկ կինը՝ Կորյունի մայրը, ամեն օր Ճամբարակից գալիս է Երեւան ու հետ գնում Ճամբարակ:
«Էլ ոչ փող ունենք, ոչ ուժ ունենք, միլիոնների պարտքեր ենք կուտակել, էլ ոչ սնունդ են տալիս խանութները, ոչ պարտքով փող, արդեն չգիտենք ինչ անենք, միթե որեւէ մեկին հետաքրքիր չէ իմ բալի առողջականը, միթե չկա մեկը, որ օգնության ձեռք մեկնի մեզ»,-դժգոհեց հայրը:
Զինվորի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Կորյունի ծնողներին՝ 098 50 89 40 եւ 094505827