««Ելք» դաշինքը միակ քաղաքական միավորն է եղել, որ բացառել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ձևավորումը». Էդմոն Մարուքյան

««Ելքը» միակ դաշինքն է, որ իշխանություններին իրական մարտահրավեր է նետել»,- այս մասին այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ընթացքոմ ասել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա՝ «Ելքը» միակ դաշինքն է, որ կարող է փոփոխություններ բերել Հայաստանում, որ ռեալիստական ծրագիր է ներկայացրել և ասում է այնպիսի բաներ, որոնք իրապես կյանքի են կոչվելու։ Ըստ նրա՝ «Ելք» դաշինքն այն ուժն է, որն ունի քաղաքական, մարդկային և ինտելեկտուալ պոտենցիալ՝ ՀՀ-ում իշխանություն ստանձնելու:

«Հայաստանում երկար տարիներ իշխանափոխություն չի եղել, բոլոր սա գիտենք։ 17 տարի խաղաղ իշխանափոխության փորձերը տապալվել են։ Բայց այս անգամ, ինչպես գիտեք, ներդրված են ընտրական այնպիսի տեխնոլոգիաներ, որ մենք բոլորս հավատում ենք իշխանափոխությանը երկու րոպեի ընթացքում։ Ո՞րն է դա։ «Ելք» դաշինքի թիվ 1 քվեաթերթիկը վերցնելով՝ մենք բոլորով կարող ենք իշխանափոխություն անել»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ սա ամենակարևոր ուղերձն է, որ մարդիկ հավատան իրենց քվեին և քվեարկեն։

Նա նշեց, որ մինչև երեկ իրենց անընդհատ ասում էին՝ շատ լավ կլինի, եթե ավելի շատ ուժեր միավորեն իրենց. «Ելք» դաշինքը միակ քաղաքական միավորն է եղել, որ բացառել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ձևավորումը։ Նա կոչ արեց ապրիլի 2-ին գնալ տեղամաս, վերցնել դաշինքի քվեաթերթիկը, իրականացնել փոփոխությունը՝ ձայնը տալով դաշինքին. «Մենք գիտենք հուսալքությունը, անտարբերությունը, այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում՝ վախի մթնոլորտ, փող բաժանել, ցուցակագրել։ Բայց անգամ այդ իրավիճակում մենք ասում ենք, որ՝ այո՛, ելք կա։ Այդ ելքը «Ելք» դաշինքն է։ Այլ տարբերակ չկա»։

Տեսանյութեր

Լրահոս