Դամասկոսում իրավիճակը լարված է. որոշ հայ ընտանիքներ ժամանակավորապես տարհանվել են
ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում մարտի 23-ին նախատեսվող միջսիրիական բանակցությունների նոր՝ հինգերորդ փուլի շեմին սրվել է իրավիճակը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Թեև սիրիական կառավարությունն ու տեղական ապստամբ խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը վաղը մեկնարկելիք բանակցություններին, որոնց օրակարգը ևս նշմարվում է՝ քննարկումներ կառավարության ստեղծման, երկրի նոր հիմնական օրենքի մշակման գրաֆիկի, ընտրությունների, ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, «Ալ-Նուսրա» խմբավորումը փորձում է որոշ տարածքներ գրավել Դամասկոսի արևելյան հատվածներում։
168.am-ի հետ զրույցում Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը տեղեկացրեց, որ սիրիական բանակ-ահաբեկչական խմբավորումներ ռազմական առճակատումը Դամասկոսի շուրջ սկսվեց նախորդ շաբաթվա վերջին։ Նրա համոզմամբ՝ միանշանակորեն ահաբեկիչների գործողությունները պետք է բացատրել վաղը մեկնարկելիք բանակցություններով։ «Զինյալ ահաբեկիչները և այն բոլոր կողմերը, որոնք չեն ցանկանում, որպեսզի սիրիական տագնապն իր քաղաքական ուղին հարթի, փորձում են տապալել բանակցությունները։ Սակայն վստահ եմ, որ այս ամենը շուտով կավարտվի սիրիական բանակի ջանքերով, զինյալ խմբավորումները ետ կմղվեն։ Սրանում վստահ եմ, քանի որ նման դեպքեր պատահել են նաև այլ քաղաքներում, և բանակն իր վերահսկողության տակ է առել այդ հարձակումները»,- ասաց Պողիկյանը։
Ներկայացնելով իրավիճակը՝ «Գանձասարի» խմբագիրն ասաց, որ զինյալ խմբավորումները փորձում են մուտք գործել քաղաք, հարձակվում են, կրկին նահանջում։ Նրա փոխանցմամբ՝ առճակատման հիմնական օջախը Դամասկոսի արևելյան հատվածում գտնվող Ջոբար շրջանի թաղամասերն են։
«Այստեղ փորձում են հարձակումներ գործել և որոշ տարածքներ իրենց վերահսկողության տակ առնել, բայց չեն հաջողում, մինչև հիմա փորձում են, մտնում, ապա՝ կրկին ետ քաշվում։ Բախումներ են տեղի ունենում։ Դամասկոսի հատկապես Ջոբար շրջանի թաղամասերի մեջ Աբասիդ հրապարակի ուղղությամբ զինյալ ահաբեկիչները հարձակումներ կատարեցին և կշարունակեն անընդմեջ հարձակումները, սիրիական բանակը հակադարձում է և ընդհանրապես պաշարման օղակի մեջ է առել նրանց։ Բայց միևնույն ժամանակ՝ ահաբեկիչները հրթիռակոծման են ենթարկում բնակելի շրջանները, թաղամասերը։
Այդ շրջանի Ֆարես Հուրի փողոցում կան հայերի բնակարաններ՝ մոտավորապես 15 բնակարան, որոնք չեն քանդվել, պարզապես տեղեկացանք, որ կիրակի օրը հայ ընտանիքի տունն էր հրկիզվել, հայ ակումբի տղաները փոխադրել էին նրանց սիրիական բանակի օգնությամբ ավելի ապահով վայրեր, բայց այդ հատվածում ներկայումս կայուն է վիճակը։ Նրանք, ում բնակարանները բարձր հարկերում են, նախընտրել են ավելի ցածր հարկերում ժամանակավորապես բնակվել, որոշ մարդիկ տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, այսինքն՝ այդքան մեծ վնասներ չեն կրել հայ ընտանիքներն այդ թաղամասերում։ Ճիշտ է, երեկ մեկ վիրավոր ենք ունեցել, բայց, բարեբախտաբար, նրա վիճակն այս պահին կայուն է»,- մանրամասնեց «Գանձասարի» խմբագիրը՝ վստահեցնելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և հայ համայնքին ոչինչ չի սպառնում Դամասկոսում։
Խոսելով վաղը սպասվող բանակցություններից՝ Զարմիկ Պողիկյանը հիշեցրեց, որ Սիրիայի իշխանությունները դրական են արձագանքել բանակցություններին։ «Հուսով ենք, որ այս հանգրվանը մեկնարկ կդառնա հետագա արդյունավետ բանակցությունների համար, տարակարծությունները կհարթվեն, այսինքն՝ հույսեր կան, որ այս անգամ բանակցություններն իրենց հետագա ընթացքի մեջ մտնեն»,- ասաց Զարմիկ Պողիկյանը։