Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48-օրյա Մեծ պահքը կիսվում է մարտի 11-ին: Այդ օրը անվանվում է Միջինք: Այս տարի Մեծ պահքը մեկնարկել է փետրվարի 28-ին, Սուրբ Հարության ավետիսը կտրվի ապրիլի 16-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Այդ ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից ետ կանգնելու՝ անօգուտ է: Պահեցողությունը չէ, որ մեղքից մաքրում է, այլ Աստված է քավիչը, սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
qahana.am