«Մարդիկ հարձակումների են ենթարկվում իրենց ռասայական, սեռական կողմնորոշման պատճառով». Անտոնիու Գուտերիշ
Խտրականությունը եւ օտարատեցության տրամադրություններն ուժեղանում են աշխարհում, եւ շատ երկրներում առաջին դերեր են ստանձնում այն քաղաքական գործիչները, որոնք արմատական հայացքներ են դավանում: Այս տեսակետն է շարադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի՝ Հանուն ռասայական խտրականության վերացման պայքարի միջազգային օրվա առթիվ գումարված նիստում:
Նա հիշեցրել է, որ այդ օրը ՄԱԿ-ի օրացույցում նվիրված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1960 թվականի մարտի 21-ի իրադարձություններին, երբ ոստիկանությունը կրակ բացեց բողոքի ակցիայի մասնակիցների վրա՝ սպանելով 69 անզեն մարդկանց, որոնք հանդես էին գալիս ապարտեիդի վարչակարգի դեմ:
«57 տարի անց հայացք նետելով աշխարհի վրա՝ թվում է, թե այն նվազ հանդուրժողական եւ ավելի շատ մեկուսացած է դառնում: «Խտրականությունը եւ բռնությունը վերելք են ապրում, մարդիկ հարձակումների են ենթարկվում իրենց ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական պատկանելության կամ սեռական կողմնորոշման պատճառով»,-ասել է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը:
Չբերելով կոնկրետ օրինակներ՝ նա արձանագրել է պետությունների կողմից իրենց միգրացիոն քաղաքականության խստացումը, ինչպես նաեւ փախստականների առջեւ պետական սահմանների փակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը