«Կաշառք տվող բոլոր կուսակցությունները մեր ազգի թշնամին են». Լևոն Զուրաբյան
Այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները քարոզչություն են իրականացնում Լոռու մարզում՝ Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում, Օձուն և Գյուլագարակ գյուղերում։ Երեկ դաշինքի ներկայացուցիչները Տավուշի մարզում էին՝ Նոյեմբերյանում, Բագրատաշենում, Այրումում, Իջևանում, Դիլիջանում, նաև՝ Բերդում, Իջևանում, Դիլիջանում։
«Նոյեմբերյանում շատ լավ գիտեն պատերազմի բեռի, ռմբակոծությունների մասին, շատ գյուղեր անմիջական վտանգի տակ են։ Երևանում շատերին թվում է, թե հանգիստ կյանք է, ժողովուրդը պատրանքի մեջ է, որ իրականում, կարծես, պատերազմ չկա, բայց մեր երկիրն իրականում ապրում է չդադարող պատերազմի պայմաններում»,- Նոյեմբերյանում հայտարարեց դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ եթե 2008թ. ընտրության գլխավոր հարցը կոռուպցիայի և այդ կոռուպցիայից մաքրվելու ձգտումն էր, 2017-ին ամենակարևոր հարցն ընտրությունն է պատերազմի և խաղաղության միջև. «Եթե մենք կարողանայինք 2008-ին իրականացնել էն, ինչի համար հավաքվել էինք ամբողջ ժողովրդով, ապա մեր երկիրը չէր հայտնվի այս վիճակի մեջ, երբ Ադրբեջանից այնքան հետ ենք ընկել սպառազինությունների, տնտեսական հզորության, բնակչության առումով, որ պատերազմն ուղղակի չոքել է մեր շեմին»:
Լ.Զուրաբյանի խոսքով՝ Մարտի 1-ը ծնեց ապրիլի 2-ը, որովհետև, եթե մարտի 1-ին այդ ոճրագործությամբ չկասեցնեին համաժողովրդական շարժման ծավալումը, չէր լինի անցյալ տարվա ապրիլի 2-ի պատերազմը: Նա նշեց, որ Կոնգրեսը դիմել է բոլոր քաղաքական ուժերին՝ ապրիլի 2-ին ընտրության օրը փոխելու համար, բայց եթե դա չհաջողվի, ժողովուրդը պետք է իր ընտրությամբ հարգի ապրիլի 2-ի զոհերի հիշատակը։
Զուրաբյանը հայտարարեց, որ ԸՕ նոր փոփոխությունների արդյունքում ընտրատեղամասում խախտում չի լինելու, ընտրակեղծարարների միակ հույսը կաշառքի վրա է. «Ընտրությունների կեղծման պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն տվողի, այլև վերցնողի վրա։ Կաշառք տվող բոլոր կուսակցությունները մեր ազգի թշնամին են։ Կաշառք տալիս են, որ հաջորդ 5 տարին թալանեն երկիրը։ Կաշառք տալիս են միայն բանդիտները, գողերը»։
Դաշինքի պատգամավորության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը բացատրեց խորհրդարանական ընտրությունների կարևորությունը. «Կեղծիքներով ընդունված Սահմանադրությամբ նախագահական ընտրությունները վերացրել են, և միակ համապետական ընտրությունները խորհրդարանական ընտրություններն են, և խորհրդարանն է ընտրելու հանրապետության նախագահին»:
Ըստ Դեմիրճյանի՝ եթե այս ընտրություններում հաղթի ընտրակեղծիքը, ընտրակաշառքը, դա միայն կնպաստի արտագաղթի աճին, հուսալքության խորացմանը և կվտանգի մեր երեխաների ու երկրի ապագան: «Այսօր, երբ կանգնած ենք այսպիսի մարտահրավերների առաջ, ցանկացած պահի կարող են վերսկսվել պատերազմական գործողությունները, դուք դա լավ գիտեք, շատ խնդիրներ են կուտակվել երկրում, բայց լուծող չկա, այնպես որ, մեզ խորհրդարանում պետք են բանիմաց, գրագետ մարդիկ»: