Բաժիններ՝

Հաքերները «կոտրել են» Microsoft-ի և Apple-ի գործառական համակարգերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ

Կանադայի Վանկուվեր քաղաքում Pwn2Own 2017 ցանցահենների ամենամյա մրցման շրջանակներում տեղեկատվական անվտանգության բնագավառի հետազոտողների թիմերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ «կոտրել են» Microsoft Windows-ի և Apple MacOS-ի գործառական համակարգերը, հաղորդում է TechWorm-ը:

Փորձարկումների առաջին օրը Qihoo360 թիմը «կոտրել է» MacOS-ը՝ ճեղքվածք գտնելով միջուկում և ստանալով գաղտնի տեղեկատվություն մուտք գործելու հնարավորություն: Դրա համար մասնագետներն 10 հազար դոլար են ստացել մեկ միլիոն դոլարի ընդհանուր մրցանակային հիմնադրամից: Նույնքան գումար է բաժին հասել Chaitin Security Research Lab թիմին, որը կարողացել է «կոտրել» MacOS-ն այլ խոցելիության միջոցով:

Windows գործառական համակարգը «կոտրել են» 360 Security և Team Sniper թիմերի մասնագետները: Դրանցից յուրաքանչյուրը վաստակել է 15 հազարական դոլար:

55 հազար դոլարի վարձատրության դիմաց Team Sniper-ի և Sword Team-ի հետազոտողները նաև «կոտրել են» Microsoft Edge -ի բրաուզերը, իսկ Chaitin Security թիմը խոցելիություն է գտել Mozilla Firefox-ում: 360 Security-ին 35 հազար դոլար է բաժին հասել Safari-ն «կոտրելու» համար:

Pwn2Own-ն ցանցահենների ամենամյա մրցաշար է, որը 2007 թվականից տեղի է ունենում CanSecWest տեղեկատվական անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում: Մասնակիցները պետք է սահմանափակ ժամանակում «կոտրեն» որոշակի սարք կամ ծրագիր, ինչից հետո դրամական վարձատրության դիմաց գտած խոցելիությունը ներկայացնեն արտադրողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս