ԱՄՆ-ում ևս մի դատավոր արգելափակել է Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը
ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում համերկրային դատավորն արգելափակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը ժամանակավորապես արգելում է մուսուլմանական վեց երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնել ՝ CNN ամերիկյան հեռուստաալիքը:
Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որը փորձում է դատարանի միջոցով հասնել երկրի նոր վարչակազմի հակամիգրացիոն կարգադրության չեղարկմանը:
Նախօրյակին Հավայիի նահանգում ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանը ժամանակավոր արգելք է դրել ներգաղթի սահմանափակման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի կատարման վրա: Այսպիսով, ինչպես նշվում է, դատարանի վճիռը կասեցնում է այն հրամանագրի գործողությունը, որը պետք է ուժի մեջ մտնի մարտի 16-ին:
Թրամփը դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը որակել է «դատական իշխանության լիազորությունների աննախադեպ վերազանցում»: Նա խոստացել է դա չեղարկել ցանկացած միջոցներով:
«Մենք այնքան հեռու կգնանք, որքան պահանջվի, այդ թվում նաեւ մինչեւ Գերագույն
դատարան», հայտարարել Է նախագահը:
Ավելի վաղ, բացի Հավայիից, Թրամփի ներգաղթային հրամանագիրը վիճարկելու մտադրություն Էին հայտնել Նյու Յորքի եւ Վաշինգտոնի նահանգները:
Նոր խմբագրությամբ փաստաթուղթը Թրամփն ստորագրել է մարտի 6-ին: Հրամանագիրն 90 օրով կարգելի ԱՄՆ ժամանել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիներին: Փաստաթղթի գործողությունը չի տարածվում մինչեւ հունվարի 27-ը տրված այցագրերի կամ կեցության վկայագրերի տերերին:
Բացի դրանից, 120 օրով կկասեցվի փախստականների ընդունման ծրագիրը: Այս միջոցը չի վերաբերի նրանց, ում ԱՄՆ ժամանման ժամկետ են նշանակել, ում պարտավորվել են ընդունել եւ արդեն ընդունել են:
Ներգաղթի քաղաքականության խստացման մասին առաջին հրամանագիրը Թրամփն ստորագրել էր հունվարի 27-ին: Փաստաթուղթը բողոքի ալիք առաջացրեց երկրում, հետագայում դրա գործողությունն արգելափակվեց դատարանի կողմից: