Մոսուլի ազատագրման գործողությունը եզրափակիչ փուլ է մտել. Իրաքի վարչապետ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ կառավարական ուժերը Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու գործողության եզրափակիչ փուլում են, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Ճակատամարտն այժմ եզրափակիչ փուլում է: Արդեն որերորդ օրն Է՝ ԴԱԻՇ-ը շրջապատման մեջ է ոչ մեծ տեղամասում, նրանք իրենց վերջին օրերն են ապրում»,-նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ Իրաքի իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկելու այն խաղաղ բնակիչների դեմ, որոնց ազգականները կռվում են ԻՊ-ի շարքերում, բայց զինյալներն իրենք «հաստատ կսպանվեն, եթե վայր չդնեն զենքը»:
Իսկ հանձնված ահաբեկիչները պատասխանատվության կենթարկվեն իրենց հանցագործությունների համար: Իրաքի վարչապետը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն եւ հանդիպում կանցկացնի ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Իրաքցի զինվորականները շարունակում են հարձակումը Մոսուլի արեւմտյան մասում: ԻՊ-ի զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ավելի վաղ ազատագրվել էր քաղաքի արեւելյան մասը:
Փետրվարի կեսին Իրաքի վարչապետը հայտարարել էր քաղաքի արեւմտյան մասի ազատագրման գործողությունն սկսելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: