«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը՝ Ջրառատի դեպքերի կապակցությամբ
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 12-ին ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ, հրազենի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ: Հնչել են կրակոցներ: Ակտիվիստների ջանքերով կրակողը՝ Լեռնիկ Երանոսյանը վնասազերծվել է:
Միջադեպից հետո բերման են ենթարկվել բացառապես դաշինքի կողմնակիցները: Ավելին, իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակի հետագա լարումը թույլ չտալու համար: Արդյունքում, մարտի 14-ին ՀՀԿ-ականները հրոսակային հարձակում են գործել 16-ամյա պատանու վրա, նրան դաժան ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քիչ անց գյուղապետարանից անակնկալ հարձակման են ենթարկվել պատանուն օգնելու դուրս եկած նրա հարազատները: Այս անգամ նրանց դեմ կիրառվել է ինքնաձիգ, ընդ որում դեպքի վայրում ներկա են եղել նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք կրկին որեւէ բան չեն ձեռնարկել այս հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Հարձակման հետեւանքով հրազենային եւ այլ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել չորս հոգի, այդ թվում մեկ պատանի, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում:
Միմյանց հաջորդող զինված միջադեպերի ընթացքը երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունքն է, որը հղի է անկանխատեսելի քաղաքական հետեւանքներով: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խստորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունները եւ իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ:
Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կընկնի կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա, որը փորձ է անում վախի մթնոլորտում պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ նպատակ հետապնդելով թույլ չտալ նրանց ազատ կամարտահայտությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբ
14 մարտի 2017թ.
Երեւան