Ի՞նչ գույք և եկամուտ է հայտարարագրել Արգամ Աբրահամյանը
«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանի տարեկան եկամուտը կազմում է 169 մլն 606 հազար 767 դրամ, որից նրա աշխատավարձը՝ որպես Արտաշատի քաղաքապետ, կազմում է 2 մլն 143 հազար 600 դրամ, «Մայ Արգ» ՍՊԸ-ից շահաբաժինը՝ 1 մլն 401 հազար դրամ, «Իմպերիում պլազա» ՓԲԸ-ից ՝ 143 մլն 905 հազար դրամ, «Տերթազզա պարկ» ՍՊԸ-ից՝ 12 մլն, «Արգ.Լև.Գազ» ՍՊԸ-ից՝ 10 մլն 157 հազար դրամ։
ՀՀ նախկին վարչապետի որդու գույքի և եկամուտների հայտարարագրում նշված է, որ նրան են պատկանում «Իմպերիում պլազա» և «Իմպերիում Գրուպ» ընկերությունների 100% բաժնեմասերը, «Արտաշատ Վինկոն», «Մայ Արգ», «Արգ.Լև.Գազ» և «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունների 50 % բաժնեմասերը։
Աբրահամյանի բանկային հաշվեհամարին առկա է 300 մլն դրամ և 250 հազար ԱՄՆ դոլար։
Արգամ Աբրահամյանը Երևան քաղաքի Իսահակյան փողոցում ունի 200 քմ մակերեսով շինություն և 0.06 հա հողամաս, Ազատության պողոտայում՝ 2512 քմ մակերեսով առանձնատուն, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ հողմաաս (շենք-շինություններով արտադրական օբյեկտ) 1 հա, հողամաս՝ 0.002 հա, և հողամաս (խորքային հոր)՝ 0.0214 հա:
Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է ընդամենը մեկ ավտոմեքենա` 2016թ. արտադրության «Ռենջ Ռովեր» մակնիշի:
8 մլն դրամը գերազանցող գույք Արգամ Աբրահամյանը չի հայտարարագրել։