«Ընտրություններից հետո տղամարդիկ իրենց զոռբայությունը դրսևորում են». Անահիտ Բախշյան

«Մարդիկ հիմա կուրացել են. մեծարում են մարդու, որն Ազգային ժողովում ոչնչով աչքի չի ընկել. 5 տարվա մեջ մի խելացի կամ ոչ խելացի ելույթ էլ չի ունեցել, ընդհանրապես չենք էլ հասկացել` ինքն ԱԺ-ի դերակատարումը պատկերացնո՞ւմ է, թե՞ չէ, բայց այդ մարդուն այսօր պաշտելու աստիճան են ընդունում գյուղերում: Սա անհասկանալի է»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարկանշային ցուցակով Մալաթիա, Շենգավիթ համայնքներում պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը:

Նա քարոզարշավի հետ կապված մի դիտարկում արեց՝ նկատելով, որ այն օրենքի կոպիտ խախտում է.

«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածն արգելում է պետական պաշտոնյաներին, համայնքային ծառայողներին՝ միաժամանակ լինել պետական պաշտոնյա և մասնակցել քարոզարշավին: Ես Երևանի ավագանու անդամ եմ, ու ինձ տեղեկացրել են, որ իմ լիազորություններն այս ընթացքում սառեցված են: Իսկ վարչապետը, որն ասում է՝ առաջընթաց ենք ունենալու, օրենքով պիտի շարժվենք, ինքն է խախտում հենց օրենքը. նա շարունակում է ակտիվ մասնակցել քարոզարշավին: Խնդիր կա. արդյո՞ք ապահովվել են Օրենսգրքով սահմանված կետերը»:

«Այս կարևոր պահին, երբ խորհրդարան ենք ձևավորում, որը, մեր Սահմանադրության համաձայն, ամենաբարձր կառավարման ապարատն է, ոչ ոք չի հետաքրքրվում կրթությամբ: Ինչպե՞ս պիտի ամենահեռավոր գյուղի յուրաքանչյուր երեխայի սահմանադրական իրավունքն ապահովենք, կրթության իրավունքն ապահովենք: Շուտով` հունիսի 1-ից, 12-ամյա կրթության պարտադիր լինելն ուժի մեջ է մտնելու: Պատրա՞ստ է ՀՀ-ն ապահովել մեր երիտասարդների պարտադիր կրթությունը: Ո՞վ է խոսում սրա մասին: Ոչ ոք: Այս հետադիմությունը չի կարող հաղթել առաջադիմությանը»,- ասաց բանախոսը:

Խոսելով ընտրություններում կանանց դերի մասին՝ Անահիտ Բախշյանը նշեց.

«Քվոտան, որ գործում է, ուժեղացրել է պահանջը. յուրաքանչյուր 4-րդը պետք է կին լինի, նախորդ անգամ` 5-րդը պետք է լիներ: Իսկ ե՞րբ են տղամարդիկ իրենց զոռբայությունը դրսևորում, երբ ընտրություններն ավարտվում է, կինն անցնում է, հետո հանկարծ կանայք սկսում են ինքնաբացարկ գրել, հրաժարվում են, ու իրենց տեղը գալիս է տղամարդը: Այստեղ է, որ այս զոռբայությունը մեր թիկունքը կոտրում է»:

«Ես գալիս եմ պաշտպանելու ձեր իրավունքները, հարգելի ժողովուրդ, գալիս եմ ձեր երեխաների կրթության իրավունքը շատ բարձր մակարդակով ապահովելու պահանջը դնելու Ազգային ժողովում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս