Բաժիններ՝

Մալայզիայում զմռսել են սպանված Կիմ Չեն Նամի մարմինը

Մալայզիայի իշխանությունները զմռսել են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ­-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մարմինը, որը հսկողության ներքո գտնվում է Քուալա Լումպուրի դիարաններից մեկում:  Այդ մասին հայտնել է TBS ճապոնական հեռուստաալիքը:

Զմռսման գործողությունը, ինչպես նշվում է, անցկացրել են մարտի 12­-ի երեկոյան, որպեսզի չգրավեն լրագրողների ուշադրությունը: Մալայզիայի իշխանությունները հաստատել են, որ մտադիր են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել միայն նրա մերձավոր ազգականներին:

Մալայզիայի իշխանությունները նաեւ հայտնել են, որ երեք շաբաթ են տալիս սպանված Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը Քուալա Լումպուրի դիարանից վերցնելու համար, ուր այն բերվել է դատաբժշկական բոլոր փորձաքննություններն ավարտելուց հետո:

Այս հայտարարությունն արել է երկրի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը:

«Մենք գիտենք, որ նա ունի կին, երեխաներ եւ այժմ, երբ մարմինը նույնականացված է, հույս ունենք ստանալ Կիմ Չեն Նամի ընտանիքի շուտափույթ պատասխանը»,-­ասել է գերատեսչության ղեկավարը: Ընդսմին նա նշել է, որ իշխանությունները պատրաստ են սպասել «երկու­ երեք շաբաթ»:

Եթե այդ ընթացքում պաշտոնական դիմում չստացվի, ապա «վարչապետի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները համատեղ որոշում կընդունեն, թե ինչ հետագա քայլեր են ձեռնարկելու»:

Կիմ Չեն Նամը մահացելէ փետրվարի 13­-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս