Թուրքիան և Ուկրաինան համաձայնագիր կստորագրեն ներքին անձնագրերով ճանապարհորդելու մասին
Թուրքիան և Ուկրաինան կստորագրեն համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրի քաղաքացիներին փոխայցելություններ կատարել ներքին անձնագրերով:
Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, ով պատրաստվում է մարտի 14-ին երկօրյա այցով մեկնել Անկարա:
«Թուրքիա կատարած իմ այցի ընթացքում կարևոր քայլ կիրականացվի: Ուկրաինայի քաղաքացիները այսուհետ կկարողանան այցելել Թուրքիա, իսկ Թուրքիայի քաղաքացիները դեպի Ուկրաինա իրենց ներքին անձնագրերով, ինչը կամրագրվի երկու երկրների կառավարությունների միջոցով ստորագրվելիք համաձայնագրով»,-ասել է նա:
Ուկրաինայի վարչապետի կարծիքով` նման համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջիկների ուղեևորահոսքի աճին: Նա ընդգծել է, որ տարեկան մեկ միլիոն ուկրաինացի այցելում է Թուրքիա: