Գերմանիայի ֆինանսների նախարարը դժվարանում է շարունակել տնտեսական աշխատանքները Թուրքիայի հետ
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը կարծիք է հայտնել այն մասին, որ այսուհետ ավելի դժվար է լինելու շարունակել Թուրքիայի հետ տնտեսական ուղղությամբ աշխատանքները։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
Հիշատակելով թուրք նախարարների կողմից Եվրամիությունում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ իրականացնելու, ինչպես նաև Թուրքիայում գերմանացի լրագրողի ձերբակալության փաստը` Շոյբլն ասել է. «Ծայրաստիճան դժվար է շարունակել աշխատելը նման պայմաններում»:
Թուրք քաղաքական գործիչների կողմից Գերմանիայում քարոզչություն իրականացնելու դեմ է արտահայտվել այդ երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն:
«Թուրքիան իրավունք չունի Գերմանիայում նախընտրական քարոզչություն իրականացնել»,-ասել է նախարարը` նշելով, որ նմանօրինակ միջոցառումները դեմ են քաղաքականությանը: