Բաժիններ՝

Թուրքիան Նիդերլանդներին երկու նոտա է հղել. Անկարան պաշտոնական ներողություն է պահանջում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդներին բողոքի միանգամից երկու նոտա է հղել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Առաջին նոտան կապված է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի հետ, որին Նիդերլանդներում «անցանկալի անձ» էին հայտարարել և արտաքսել էին երկրից:

Թուրքիայի ԱԳՆ­-ից հայտնել են, որ այդ իրավիճակը դեմ է միջազգային օրենքներին և խախտում է Վիեննայի համաձայնագիրը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ իրենք դատապարտում են թուրք նախարարների դեմ դիվանագիտական էթիկային հակասող վերաբերմունքը և այս հարցում ակնկալում են Նիդերլանդների իշխանությունների պաշտոնական գրավոր ներողությունը:

Երկրորդ նոտան կապված է Նիդերլանդներում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց թուրքերի դեմ ոստիկանության կիրառած միջոցների հետ: ԱԳՆ-­ն քաղաքացիների դեմ ոստիկանության գործողություններն անհամաչափ ուժի կիրառում է համարել:

Նիդերլանդները մարտի 11­-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:

Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»:

Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նախքան որոշման հրապարակումը` նույն օրը Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենք կդիմեն պատժամիջոցների կիրառմանը:

Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել: Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով՝ Եվրոպան «բռնում է «ոչ»­ի կողմը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:

Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս