Աբխազիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 35 ընտրատարածքներից 22-ում
Աբխազիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 35 ընտրատարածքներից 22-ում. մեկ ընտրատարածքում կկայանան վերընտրություններ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ):
Մարտի 12-ին Աբխազիայի ԿԸՀում հայտնել են, որ խորհրդարանի ընտրությունները Երեւանի ժամանակով ժամը 1900-ի դրությամբ կայացել են բոլոր 35 ընտրատարածքներում:
«Ընտրվել են տասներկու պատգամավորներ: Երկրորդ փուլը մարտի 26-ին կանցկացվի 22 ընտրատարածքներում, մեկ ընտրատարածքում երկու ամիս անց տեղի կունենան վերընտրություններ»,գործակալությանը հայտնել է զրուցակիցը:
Մարտի 12-ին Աբխազիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Միապալատ օրենսդրական մարմնում տեղերի համար 35 միամանդատ ընտրատարածքներում պայքարում էին 137 թեկնածուներ: Նրանցից 113-ն առաջադրվել են նախաձեռնող խմբերի կողմից, իսկ 24-ը
«Աբխազիայի ժողովրդական միասնության համաժողով» (վեց մարդ), «Ամցախարա» (յոթ մարդ), «Աինար» (ութ մարդ) եւ «Ժողովրդական ճակատ հանուն արդարության եւ զարգացման» (երեք մարդ) կուսակցություններից:
Եթե «Աբխազիայի ժողովրդական միասնության համաժողովը» համարվում է այն կուսակցություն, որի վրա հենվում են իշխանությունները, իսկ «Ամցախարան» ներկայացնում է ընդդիմությունը, ապա «Աինար» եւ «Ժողովրդական ճակատ հանուն արդարության եւ զարգացման» կազմակերպություններն իրենց դասում են կենտրոնամետների շարքին:
Բոլոր այդ քաղաքական ուժերը ծրագրում են համագործակցել Ռուսաստանի հետ:
Ընտրատարածքում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, որը հավաքել է 50 տոկոս պլյուս մեկ ձայն: Եթե ընտրատարածքում թեկնածուներից ոչ ոք չի հավաքում ձայների ավելի քան կեսը, երկու շաբաթվա ընթացքում ԿԸՀ-ն նշանակում է երկրորդ փուլը:
Կրկնական ընտրությունները պետք է անցկացվեն առաջին փուլի անցկացման օրվանից երկու ամսվա ընթացքում: Ընտրութունները կայացած են համարվում 25 տոկոս մասնակցության դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: