Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: