«Պատգամավորը մենակ կնոպկա սեղմող ա, ես ձեզ ասեմ, որոշում էլ չի կարա կայացնի». Գագիկ Ծառուկյան
«Այսօր իրավիճակ ստեղծողը դուք եք, դուք միասնական պետք է որոշեք՝ ում հետ հույս եք կապում, նրան պետք է ձայն տաք։ Եթե էդ ընտրությունն ավարտվի, 5 տարի ի՞նչ եք անելու»,- այսօր Ապարանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Ըստ նրա՝ ինքը հանուն պաշտոնի չի մասնակցում ընտրություններին, այլ իր սիրտն է ցավում։ Ծառուկյանի խոսքով՝ ով դիմել է իրեն որևէ հարցով, բոլորին օգնել է. «Ծառուկյանը բարեգործ ա, մարդ չկա, որ դիմի՝ չօգնեմ»։
«Ո՞վ ա կասկածում, որ Ծառուկյանն ասեց ու չի անելու, ո՞վ ա կասկածում»,- հարցրեց նա՝ հավելելով, որ Տիգրան Մուկուչյանն արգելել է նախընտրական խոստումներ տալ՝ անգամ ապրիլի 2-ից հետո կատարելու պայմանով։
«Ո՞վ ա է Մուկուչյանը»,- դժգոհ հարցադրում լսվեց հանրահավաքի մասնակիցների կողմից։
«Որոշողն ա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ա»,- պատասխանեց Ծառուկյանը։
Նա նշեց, որ ինչ ասել է, իրականություն է դարձրել, և ինչ ասել է, քիչ է, ավելի շատ է անելու։ Ծառուկյանի խոսքով՝ ով չարեց խոստումները, պետք է պատժվի, մեկը պետք է պատժվի, որ մյուսներին դաս լինի. «2009 թ. հետո՝ արտագաղթ, աղքատություն, ոչ մի բան չի փոխվում»։
Ըստ նրա՝ ինքն իրականացնելու է դաշինքի ծրագիրը, այդ թվում՝ կենսաթոշակների բարձրացում, ՓՄՁ հարկերից ազատում և այլն. «Ոչ մեկի չմեղադրեք, մեղավորը դուք եք։ Ով կարող ա անի, նա պետք է անի»։
Պատգամավոր դառնալը ձեզ ի՞նչ ա տալու։ Պատգամավորը գնում ա էնտեղ, մենակ կնոպկա սեղմող ա, ես ձեզ ասեմ, որոշում էլ չի կարա կայացնի»,- ասաց Ծառուկյանը՝ կոչ անելով իրենց տալ 50%+1 ձայն, որ որոշում կայացնեն, օրենք ու համակարգ փոխեն։