«Վարդան Պետրոսյանը լիովին ազատված է, նա ցանկության դեպքում կարող է անգամ դուրս գալ երկրից». փաստաբան
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դերասան Վարդան Պետրոսյանին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը լիովին ազատված է, նա ցանկության դեպքում կարող է անգամ դուրս գալ երկրից:
«Հինգ օր առաջ այդ ո րոշումն արդեն իսկ մտել է ուժի մեջ»,-ասաց փաստաբանը: Մեր այն հարցին, թե տուժող կողմն արդյոք չի բողոքարկել որոշումը, Բաղդասարյանը պատասխանեց, որ հակառակ կողմը ստորագրել է, որ որեւէ բողոք, պարտք ու պահանջ չունի Վարդան Պետրոսյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին. նրանք հորեղբորորդիներ էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Ավելի ուշ որոշում էր կայացվել, որ դերասանը երեք տարի պատիժը կկրի բաց ռեժիմով: