Բաթումի անկարգությունների կապակցությամբ ձերբակալել են 40 կալանավորվածներից յոթին
Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ դատարանը վարչական կալանքի է դատապարտել այն 40 անձանցից յոթին, որոնք բերման են ենթարկվել Բաթումում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ։
«Խստիվ պատժվելու է յուրաքանչյուրը, ով մասնակցել է դրանց: Կատարվում է անձանց նույնականացում, քրեական գործ է հարուցված եւ հետաքննություն է սկսվել:
Ներկայում յոթ մարդ է ձերբակալված վարչական խախտման համար, բերման ենթարկված 40 անձանցից մնացածները ազատ են արձակվել ստորագրությամբ, սակայն նրանց նկատմամբ վարչական վարույթը դադարեցված չէ, եւ նրանք անպայմանորեն կկանգնեն դատարանի առաջ:
Անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին»,հայտարարել Է նախարարը
վրացական Առաջին ալիքի եթերում:
Մարտի 11-ին Բաթումում պարեկային ոստիկանության աշխատակիցն ավտոմեքենայի վարորդին տուգանք է նշանակել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Ականատեսներից ոմանք պնդում են, որ ոստիկանը նաեւ վիրավորանք է հասցրել վարորդին:
Վարորդին պաշտպանել են տեղացի բնակիչները, որոնք ծեծկռտոց են սարքել իրավապահների հետ: Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար բերման է ենթարկվել վեց մարդ: Միջադեպից քիչ անց բողոքի ակցիա է սկսվել պարեկային ոստիկանության նորանշանակ պետ Մալխազ Բատիաշվիլիի պաշտոնաթողության պահանջով:
Քաղաքում անցկացվել է անկարգությունների մասնակիցների ձերբակալման
գործողություն: ՆԳ նախարարության տվյալներով՝ բերման է ենթարկվել 40 իրավախախտ:
Ներկայում Բաթումում իրադրությունը հանգիստ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: