Բաժիններ՝

Փողոցում անձեռոցիկ վաճառող երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու, իսկ նրա մորը վիրավորելու համար ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվի

Ամիսներ առաջ news.am լրատվական կայքում հրապարակում եղավ այն մասին, որ փողոցում անձեռոցիկ վաճառող անչափահաս երեխային ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկել, ինչից հետո երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել՝ բժիշկների փոխանցմամբ՝ վախեցած լինելու պատճառով:

Համաձայն լրատվական նյութի՝ երեխայի մայրը՝ Մանուշ Շահբազյանը, հայտնել է նաև, որ ոստիկանության բաժնում աշխատակիցներն իրեն ծաղրել են և վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին:

Հիմք ընդունելով լրատվական կայքի հրապարակումը՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Հատուկ Քննչական ծառայություն՝ հրապարակման մեջ առկա հանցագործության մասին տեղեկատվության հիմքով քրեական գործ հարուցելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով: Հատուկ քննչական ծառայությունը, այս դեպքում ևս, հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում կայացելու փոխարեն, գրությունը վերահասցեագրել է ոստիկանության բաժին՝ ծառայողական քննություն իրականացնելու:

Ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա քրեական գործ հարուցելու փոխարեն՝ այն ծառայողական քննության ուղարկելու՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարքագիծը վաղուց արդեն նորություն չէ:

Սրան ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախկինում ևս պարբերաբար անդրադարձել է: Հավելենք, որ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում իրականացված ծառայողական քննության արդյունքում «բաժնի ծառայողների կողմից կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ չեն արձանագրվել»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լուսանկարը՝ news.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս