«365 օրվա ընթացքում երկիրը դուրս ենք բերելու այս իրավիճակից». ՕՐՕ դաշինք

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» քաղաքական դաշինքի ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ներկայացրեցին քարոզարշավի ընթացքը:

«Հասարակության մոտ մեր նկատմամբ վերաբերմունքը բացասական չէ: Բոլոր կողմերից դրական արձագանք ենք ստանում: Միանշանակ, մեր քարոզարշավը լայն թափով շարունակվելու է: Ի դեմս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՈ) դաշինքի`  հասարակությունն իսկապես տեսնելու է այն այլընտրանքը, որ երկիրը դուրս է բերելու այս իրավիճակից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ստեփան Մարգարյանը ներկայացրեց դաշինքի ծրագիրը.

«Մենք հստակ ծրագրով ենք հանդես գալիս, որը պարունակում է մի շարք կարևոր մասեր, պայմանական ասած`  «365 օր» ծրագիր է: Սրա իմաստը նրանումն է, որ փոփոխությունները հայտարարելու ու խոստումներ տալու փոխարեն` մենք առաջարկում ենք ծրագիր, որով ամենօրյա ռեժիմով հասարակությունը զգալու է երկրում իրականացվող փոփոխությունները: Մեկ տարվա ընթացքում երկիրը լուրջ փոխվելու է, եթե ունենանք այն լծակները, որով պետք է իրականացնենք այս ծրագիրը:  Ծրագրում սոցիալական ցանկացած խավ իրեն տեսնում է, և ամեն մեկի համար կա իրեն վերաբերող մաս, իր խնդիրները լուծող առաջարկ: Ծրագիրը շատ իրատեսական է, շատ լուրջ մասնագիտական փորձաքննություն է անցած, զերծ է որևէ պոպուլիստական էլեմենտից»:

Էլինար Վարդանյանը խոսելով ծրագրի մասին՝ ասաց.

«Ծրագիրն առաջարկում է լուծումներ, որոնք տեղի կունենան 365 օրվա ընթացքում, ամեն օրվա կտրվածքով` յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյա կյանքում կզգա, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել:  Ծրագրում կան նաև դեմոգրաֆիկ խնդիրներին ուղղված դրույթներ, որոնք վերաբերում են միանվագ նպաստներին, ինչը հնարավորություն կտա երեխայի ծնունդից հետո նպաստների միջոցով գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք ունենում են ընտանիքները»:

Անդրադառնալով մարզերում ու գյուղերում անցկացվող քարոզարշավին` Արմեն Մարիտրոսյանը նշեց.

«Այնպես չէ, որ նոր եմ ծանոթանում, թե ինչ վիճակ է մեր մարզերում, գյուղերում: Բայց այն, ինչ տեսնում ենք նորից, ևս մեկ անգամ մեզ համոզում է, որ պետք է փոփոխություններ իրականացնենք: Կա համընդհանուր թշվառություն, հուսալքություն, անճարություն, որ այս իշխանությունները հասցրել են ժողովրդին, իսկ սա անթույլատրելի է: Ժողովուրդն իշխանությունից լքված է, իր խնդիրների հետ դեմ հանդիման է, իսկ լուծման ուղիները նվազագույնի են հասցված: Ժողովրդի հիմնական մասն էլ լուծումը տեսնում է արտագաղթի միջոցով, այսինքն` սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուն միտված քայլեր է անում: Ժողովուրդը Հայաստանում կորցրել է արդարությունը, ու, ցավոք,  չի էլ փնտրում այստեղ»:

Էլինար Վարդանյանը հավելեց.

«Նույն իրավիճակը նաև Երևանում է, եթե սոցիալ-տնտեսական իրավիճակը մի կողմ  թողնենք, ապա արդարության պակասը նաև Երևանում է: Այս համատարած արդարության բացակայությունն է, որ պատճառ է դառնում նաև  արտագաղթի: Բազմաթիվ հարցումներ ցույց են տվել, որ մարդիկ Հայաստանից հեռանում են հենց արդարության պակասի պատճառով, հետևաբար՝ մեր հասարակությանը պետք է տալ ազատություն` ապրելու, արարելու և գործելու: Այսօր այս ազատությունից հասարակությունը զրկված է»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են ամեն ինչ, բացի ձայնից: Նա նշեց մի քանի թեզեր, որոնց միջոցով իշխանությունները փորձում են վերարտադրվել:

  1. Մարդկանց մատնում են համատարած հուսալքության, որ որևէ բան չի փոխվելու, այսինքն` իրենք անպարտելի են, կամ էլ` ով էլ գա, նույնն է լինելու:
  2. Առձեռն փող, որի միջոցով փորձելու են ձայնը գնել:
  3. Եվ կեղծ սոցիոլոգիական հարցումներ են իրականացնելու:

Արմեն Մարտիրոսյանը նաև հաղորդեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին ԱՄՆ-ում է` գործնական հանդիպումների պատճառով, բայց ցանկացած պահի կարող է միանալ քարոզարշավին:
«Այն ուժը, որը երկիրը հասցրել է այս վիճակին, որևէ առաքելություն այլևս չունի: Անհեթեթություն է նույն ուժի վերարտադրվելը: Երկրին անհրաժեշտ է փոփոխություն, և մենք առաջարկում ենք այդ փոփոխությունը»,- եզրափակեց Ստեփան Մարգարյանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս