«Շատ ուշադիր եղեք». Կարեն Կարապետյանը՝ գյուղատնտեսության նախարարին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին որոշման նախագիծը։ Այն ներկայացնելով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ նախագիծն ընդունելով՝ կապահովեն շուրջ 10 հազար հա գարնանացան.
«Կօգտագործվի մոտ 612 մլն դրամ, որից 587 մլն դրամը՝ սերմացուներ ձեռք բերելու նպատակով, և 25 մլն 696 հազար դրամը՝ բեռնաթափման, բարձման, համայնքներ տեղափոխման, գործուղման և այլ ծախսերի համար»։
«Մարզային այցելությունների ժամանակ շատ դեպքերում հարց է բարձրացվում, որ այն սերմերը, որ տալիս են, չեն համապատասխանում արդյունավետությանը, և այլն, և, երբ պահը գալիս է, նա, ով պիտի վճարի ձեզ այդ սուբսիդավորված գումարը, չի կարող վճարել, որովհետև բերքատվությունը լավ չի եղել։ Մենք իրենց հետ պայմանագիր ստորագրելիս այս անգամ ֆիքսե՞լ ենք կողմերի պատասխանատվությունը, այդ թվում՝ մեր»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին Իգնատի Առաքելյանը դրական պատասխան տվեց։
«Մենք ֆիքսել ենք, համապատասխան լաբորատորիաներում սերմերը ստուգվելու են»,- ասաց Իգնատի Առաքելյանը։
«Շատ ուշադիր եղեք, որովհետև, եթե դա ֆորմալիզացված չէ, միշտ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալու. մեկնաբանությունները կարող են հիմնավորված և չհիմնավորված լինել։ Այդ առումով այս հարաբերությունները պետք է հորիզոնական հավասար պայմաններում լինեն՝ ինչպես նրանց պարտավորությունները ձեր նկատմամբ, այդպես էլ ձեր պարտավորությունները՝ նրանց նկատմամբ»,- ասաց վարչապետը։