«Արցախը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է». Արման Թաթոյանը

Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան առանձին հանդիպումների շրջանակներում Արման Թաթոյանի կողմից բարձրացվել են Արցախին առնչվող հարցերը մարդու իրավունքների տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախ այցելող միջազգային լրագրողների, փորձագետների, պատգամավորների նկատմամբ արհեստական քրեական հետապնդում հարուցելու ու նրանց ահաբեկելու՝ քաղաքակիրթ աշխարհի ստեղծած արժեքները վերացնելու փորձերը:

Իր հանդիպումների ընթացքում Արման Թաթոյանը նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Արցախի Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային փորձագետների այցն էր Արցախ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը  խոսել է նաև Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակ»-ի մասին, որոնք քաղաքակիրթ աշխարհի կողմից պետք է պարզապես ենթարկվեն իրավական վարկաբեկման: Ժնևյան հանդիպմանը մասնակցող առանձին ղեկավար պաշտոնատար անձանց ու միջազգային փորձագետներին ներկայացվել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ փարիզյան սկզբունքներին համապատասխանող աշխատանքն ու ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցները:

Արման Թաթոյանը ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը մարդու իրավունքներին նվիրված միջազգային հանդիպումներին ու քննարկումներին:

Արցախը  քաղաքակիրթ  ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 

Տեսանյութեր

Լրահոս