Բաժիններ՝

Գերհարուստների թվով աշխարհի առաջատարը Վիետնամն է

Վիետնամն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել տեղի բնակչության շրջանում հարուստների թվի ավելացման ցուցանիշով: Այս եզրակացությունն են արել Knight Frank հեղինակավոր միջազգային կոնսալտինգային խմբի փորձագետները՝ ամփոփելով անցկացված հետազոտության արդյունքները, որը նվիրված էր աշխարհի երկրներում բնակչության բարեկեցության աճին:

Հետազոտողների հավաքած տվյալների համաձայն, 2010-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում Վիետնամում գերհարուստների թվաքանակն աճել է 320 տոկոսով: Այս ցուցանիշով Վիետնամը տոկոսային հարաբերությամբ արդեն առաջ է անցել Հնդկաստանից եւ Չինաստանից, որոնք նույն այդ տարիներին  հարուստների թվի աճ  են արձանագրել 290 տոկոսով եւ 281 տոկոսով՝ համապատասխանաբար:

Որպես իրենց վարկանիշների հիմք, Մեծ Բրիտանիայում բազավորված խումբը վերցնում է UHNWI (Ultra High Net Worth Individuals` շատ խոշոր կապիտալով մասնավոր անձինք) կատեգորիան. սա մոլորակի առավել հարուստ եւ դրա հետ մեկտեղ տնտեսապես ակտիվ մասնավոր անձանց խավն է:

UHNWI-ի ցուցակում գրանցվելու հավակնորդները պետք է ունենան առնվազն 30 մլն դոլարի չափով ազատ շրջանառու ֆինանսական միջոցներ՝ չհաշված նրանց պատկանող շարժական կամ անշարժ գույքը:

Knight Frank-ը Վիետնամում նրանց թվին ներկայում դասում է 200 մարդու, դրա հետ մեկտեղ կանխատեսելով, որ հաջորդ տասնամյակների ընթացքում գերհարուստների թվաքանակն այստեղ կավելանա եւս 170 տոկոսով եւ կհասնի 540-ի նշագծին: Իսկ ինչ վերաբերում Է «հասարակ միլիոնատերերին», որոնց տնօրինած ակտիվներն իրենց տերերին չեն ապահովում UHNWI-ի վարկանիշի հորիզոնականները, ապա այդպիսիք Վիետնամում, կոնսալտինգային խմբի գնահատումներով, այժմ հաշվում են մոտավորապես 14,5 հազար, իսկ մինչեւ 2026 թվականը նրանց թիվը կգերազանցի 38 հազարը:

Չնայած այն բանին, որ երկրում բնակչության մեկ շնչին ընկնող տարեկան միջին եկամուտը կազմում Է մոտավորապես 2 հազար դոլար, երեք տասնամյակ այստեղ անցկացվող նորացման քաղաքականության ընթացքում Վիետնամում ձեւավորվել է հարուստ «նոր վիետնամցիների» դաս: Վիետնամցի նորահարուստներն իրենց կարողությունը «կուտակում են» տարբեր ձեւով: Ունեւոր վիետնամցիների շրջանում առավել հաճախ են հանդիպում նրանք, ում բիզնեսը կապված է ֆոնդային շուկայի, ծովամթերքի արտադրության եւ մշակման, ինչպես նաեւ շինարարության եւ անշարժ գույքի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս