«Հուլիսյան դեպքերի ժամանակ սևազգեստ սադրիչները Ոստիկանության օպեր-աշխատողներ են եղել». փաստաբան

Երեկ դատարանը մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակով առաջադրված Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին փաստաբան Կարեն Մեջլումյանը նկատեց, որ իր պաշտպանյալը 2016 թվականի հուլիսի 30-ից գտնվում է անազատության մեջ, և պարբերաբար նրա կալանքի ժամկետը երկարացվում է:

«Հաշվի առնելով, որ առաջիկայում ԱԺ ընտրություններ են լինելու, և նա գրանցված  է՝ որպես պատգամավորության թեկնածու, մենք դիմեցինք, որպեսզի Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կիրառվի գրավը, և նա հնարավորություն ունենա մնացածի հետ հավասար պայմաններով մասնակցել ընտրարշավին: Երեկ այդ գրավի միջնորդությունն էլի մերժվեց, որովհետև վստահ ենք, և Անդրիաս Ղուկասյանն իր խոսքում ասաց, որ նրան քաղաքական նպատակներով են անազատության մեջ պահում, որպեսզի չկարողանա ԱԺ այս ընտրություններին նորմալ մասնակցություն ունենալ: Մենք մեծ հույսեր էլ չունեինք, որ Անդրիաս Ղուկասյանն ազատ կարձակվի, բայց ամեն դեպքում դիմեցինք»,- նշեց փաստաբանը:

Նա հիշեցրեց, որ Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվել էր ոստիկանի ցուցմունքով.

«Իբր նա լսել է՝ Անդրիաս Ղուկասյանն ինչպես է ժողովրդին կոչ անում, որ քարեր հավաքեն և ոստիկաններին հարվածեն: Այլ բան է, որ տեսագրություններով այդ ամենը հերքվում է, նման բան գոյություն չունի, բայց այս ընթացքում նաև ոստիկանը հրաժարվեց իր ցուցմունքից՝ նշելով, որ ինքը նման բան չի լսել, հեռավորության պատճառով՝ չէր էլ կարող լսել: Մենք հայտնեցինք այդ մասին դատարանին, որ այն հիմքով, ինչով մեղադրանք են առաջադրել, ոստիկանը հրաժարվել է դրանից: Դատարանը մերժեց մեր միջնորդությունը»:

Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում բացահայտվեց մի կարևոր հանգամանք. «Հիշում եք, սևազգեստ սադրիչներ կային, որոնք ժողովրդին ասում են՝ կիջնեք դեպի ներքև: Տղաները թույլ չեն տալիս, ժողովրդին ասում են՝ իրենք սադրիչներ են, և այլն: Պարզվեց, որ այդ անձինք ոչ միայն Ոստիկանության հետ համագործակցող սադրիչներ են, այլ հենց Ոստիկանության օպեր-աշխատողներ, սրա հետ կապված կան ցուցմունքներ: Այսինքն՝ Ոստիկանության օպեր-աշխատողները ներդրվել են այդ ցուցարարների մեջ՝ հորդորելով գնալ ՊՊԾ գունդ, բայց այդ ամեն ինչում մեղադրում են Անդրիաս Ղուկասյանին և մյուս տղաներին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս