ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 50 հ/կ
Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում բացվել են ՀԿ-ների ներկայացրած հայտերը։
Նշենք, որ դրամաշնորհային մրցույթը հայտարարվել էր հունվարի 30-ին 7 անվանակարգով։ Մրցույթին դիմել է 50 հասարակական կազմակերպություն։ Այդ թվում՝ 12 հայտ ընդունվել է «Մերօրյա հերոսների փառաբանում», 10 հայտ ստացվել է «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում, 3 ՀԿ հայտ է ներկայացվել «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգում։
«Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում ստացվել է 19 ծրագիր, «Երիտասարդության դերը պետական մտածողության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում» անվանակարգում ընդունվել է 4, իսկ «Հասարակական գիտակցության դինամիկ փոփոխության անհրաժեշտությունը կրթական համակարգի միջոցով» անվանակարգում՝ 2 հայտ։
Նկատենք, որ այս մրցույթին բավականին մեծ է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի համար առաջին անգամ դիմած հասարակական կազմակերպությունների թիվը։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն