Բաժիններ՝

«Եթե փաստաբանների իրավունքները խախտվում են, նրանց պաշտպանյալների իրավունքները կխախտվեն ու կխախտվեն». Լուսինե Սահակյան

Փաստաբանների պալատի կողմից մի խումբ փաստաբանների նկատմամբ հետապնդումները հանգեցրել են նրան, որ պետական մարմինները, որոնք սովորել էին, որ գոյություն ունի ուժեղ փաստաբանական կառույց, և շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, սկսեցին խախտել փաստաբանների իրավունքները։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մատնանշելով քրեակատարողական հիմնարկներում վերջերս կատարվող իրադարձությունները, երբ փաստաբանները չէին կարողանում առանձնատեսակցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետ՝ համատարած խուզարկությունների պատճառով։ «Սա, միանշանակ, կապված է փաստաբանության թուլացման հետ, որովհետև պետական մարմինները, զգալով, որ փաստաբանությունը գնալով թուլանում է, սկսում են գործողություններ ձեռնարկել։ Եթե փաստաբանությունը շարունակի այսպես անկում ապրել, ապա փաստաբանների իրավունքների խախտումները, միանշանակ, շարունակվելու են, որը, իհարկե, հանգեցնելու է անձանց իրավունքների խախտմանը. եթե փաստաբանների իրավունքները խախտվում են, նրանց պաշտպանյալների իրավունքները կխախտվեն ու կխախտվեն»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ երբեք չէր կարողացել պատկերացնել, որ փաստաբանության, փաստաբանի մասնագիտության թիվ մեկ ախոյանը դառնալու է Փաստաբանների պալատը։ «Աբսուրդային է հնչում։ Պալատը ստեղծվեց նրա համար, որ գոյություն ունեցող միությունները միասնական լինեն, լինի մեկ կառույց, որը, պաշտպանելով փաստաբաններին՝ կպաշտպանի մեր վստահորդներին, քաղաքացիներին, սակայն եղավ այն, ինչ եղավ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ, եթե որևէ մեկը 6 ամիս առաջ իրեն պատմեր այն ամենի 50 տոկոսը, ինչ ինքն այսօր գիտի այն մասին, թե ինչով է զբաղված Փաստաբանների պալատը, ինքը կմտածեր, որ այդ անձն ինչ-որ հոգեկան խնդիրներ ունի։

«Երբ ես ինքս հասկացա, թե ինչ է կատարվում, նույն խնդիրն ունեմ՝ փոխանցել անգամ իմ կոլեգաներին՝ գործակալական ցանցի կիրառում, ներազդում վստահորդների վրա, որպեսզի հրաժարվեն պայմանագրերից, ներխուժում ներընտանեկան հարաբերությունների մեջ ՝ ամենաանթույլատրելին,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով,- Մենք այստեղ չենք եկել բողոքելու, ասելու՝ վայ, մեզ՝ խեղճերիս, ճնշում են։ Մենք խեղճ չենք, մենք մեր շահերը կպաշտպանենք։ Խոսքն այն մասին է, որ այս երկրում փաստաբանությունը դրված է վտանգի տակ, և դրա վառ ապացույցը վերջին ընտրությունների արդյունքներն են (նկատի ունի Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները)։ Ամբողջությամբ ընտրվել է իշխանական ցուցակ փաստաբանների շրջանում՝ մի մասնագիտություն, որտեղ պիտի լինեն ազատ մտածող մարդիկ»։ Տիգրան Աթանեսյանը համոզմունք հայտնեց, որ կառույցն անբուժելի հիվանդ է, հնարավոր չէ այն շտկել. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերադառնանք 1998թ. իրավական ռեֆորմին, երբ փաստաբանները կարող են մի քանի միություն ունենալ»։

Փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այս զարգացումները տեղի ունեցան մի պարզ պատճառով՝ իրենց իրապես հետաքրքրել է պալատի կյանքը, իրենք սրտացավ են եղել պալատի համար, իրենց համար փաստաբանությունը բացառապես բիզնես չի եղել, հակառակ պարագայում յուրաքանչյուրը կզբաղվեր բացառապես իր նեղ մասնագիտական հարցերով և չէր խառնվի պալատի գործերին։

«Սակայն մեզ համար կարևոր է եղել, որ պալատն ուժեղ կառույց լինի, որը կկարողանա հակազդել նաև պետական մարմիններին։ Բայց մենք այսօրվա դրությամբ ունենք այսպիսի իրավիճակ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ Փաստաբանների պալատից փաստացի կորում են փաստաթղթեր, որի պայմաններում պալատը, ըստ էության, առաջ է քաշում անձին արտոնագրից զրկելու հարցը։

«Ես և մի քանի փաստաբաններ դիմել էինք Փաստաբանների պալատ, որ պալատը մեր անձնական տվյալներն անօրինական ձևով չօգտագործի։ Պալատից ինձ պատասխան է եկել, որ գործն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ չկա այն հրամանը, համաձայն որի՝ ժամանակին եղել եք փորձնակ, որի հիմքով երկու տարվա ստաժ եք ունեցել,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով,- Փաստացի ստացվում է, որ իմ անձնական գործից վերացրել են այն հրամանը, որի հիման վրա ինձ վկայական է տրվել։ Պալատի համապատասխան աշխատակիցները երևի չէին մտածում, որ 10 տարի անց իմ կողմից կպահպանվեն բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ համապատասխան վկայականը,  որն անհրաժեշտության դեպքում կներկայացվի»։ Փաստաբանն ասաց, որ տհաճ իրավիճակ է սռեղծվել, ստեղծված կառույցը պետք է հակադրվեր բոլոր պետական մարմիններն, տեր կանգներ բոլոր փաստաբանների իրավունքներին, ինչն ինքն այսօր չի տեսնում։ Նա ևս նշեց, որ հավանաբար եկել է նոր կառույց ստեղծելու պահը։

Լուսինե Սահակյանն ասաց, որ այս տարիների ընթացքում փորձել են պայքարել, որ արդեն իսկ ձեռքբերումներ ունեցող կառույցն ավելի շատ ձեռքբերումներ ունենա, առավել հզորանա։ «Մենք մեր առաջ այլ միություն ստեղծելու նպատակ չէինք դրել, որովհետև այս միությունը, համենայն դեպս, զարգանում էր այն ուղով, որը բավարարում էր փաստաբաններին։ Մենք ամեն կերպ փորձեցինք պահել այս միությունը, բայց ոչինչ չստացվեց»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ այլ փաստաբանական կառույց ունենալուն այլընտրանք չունեն։

Արամազդ Կիվիրյանն էլ հավելեց, որ նոր կառույցի ստեղծումն ինքնանպատակ չէ, ուժեղ պալատ ունենալը հարկավոր է ոչ միայն փաստաբանների, այլև հասարակության համար. «Անհրաժեշտ է, որ լինի մի կառույց, որն իրապես կհակառակվի նաև պետական տարբեր կառույցներին, որովհետև, եթե այդ կառույցն ուժեղ չլինի, այլ լինի վերահսկելի, ինչպիսին ես այսօր տեսնում եմ ներկայիս պալատը, ըստ էության՝ խնդիրներ չեն լուծվի, իսկ եղած խնդիրները չեն բարձրաձայնվի այնպես, ինչպես անհրաժեշտ է բարձրաձայնել։ Մեր գործառույթը հասարակության տարբեր օղակներին պաշտպանելն է դատական համակարգում, պետական մարմինների դեմ, և այլն։ Եթե տվյալ դեպքում պալատը չի օժանդակում դրան, դրան հակառակ՝ փորձում է ճնշել այն փաստաբաններին, ովքեր այսօր իրապես այդ գործով են զբաղված, այլընտրանք չկա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս