«Ողջ աշխարհում շոու-բիզնեսի աստղերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, ինչը բնական է». Սուրեն Սարգսյան

«Եթե ետ գնանք 2008թ., 2013թ. նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ հայկական տասնյակ երաժիշտներ, ռոք խմբեր աջակցել են թե Լևոն Տեր-Պետրոսյանին, թե Սերժ Սարգսյանին, թե այլ թեկնածուների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում բարձրացած բողոքի ալիքին, որն ուղղվել է «Ռեինկարնացիա» ռոք խմբի դեմ։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկին իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացավ «Փոխենք աշխարհը» երաժշտական տեսահոլովակով՝ «Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ, ինչը սոցիալական ցանցերում բավականին լայն քննադատության առարկա դարձավ, ոմանց կարծիքով՝ հատկապես այն պատճառով, որ նախկինում խմբի մեներգիչ Ռոլանդը բացասական կարծիք էր ներկայացրել ՀՀԿ-ի մասին։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ խմբի ներկայացուցիչն այսօր մեկնաբանելով «Ռեինկարնացիայի» որոշումը՝ նկատել էր, որ խումբը նույնկերպ ընդունել է այլ ուժերի հրավերները՝ մասնակցել քարոզարշավին համերգների տեսքով, և ընդունել է առաջարկը։

Անդրադառնալով քննադատությունների ալիքին, Սուրեն Սարգսյանն ասաց, որ ամբողջ աշխարհում, այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ոչ միայն փոփ, ռոք երաժիշտները, այլև դերասանները, մշակույթի գործիչները մշտապես ներգրավված են եղել քաղաքական և ընտրական գործընթացներում։ «Մենք կարող ենք հիշել ռուսական ДДТ ռոք խմբի մասնակցությունը ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի նախընտրական քարոզարշավին երկրորդ ընտրությունների ժամանակ, կարող ենք հիշել U2 ռոք խմբի մասնակցությունը Օբամայի նախընտրական քարոզարշավին։ Այսպիսի օրինակներ շատ-շատ են եղել ու կան, սա ինչ-որ բացասական երևույթ չէ, նորմալ երևույթ է ողջ քաղաքակիրթ աշխարհում։

Հիշենք նաև, որ Թրամփ-Քլինթոն նախընտրական ողջ գործընթացին մասնակցում էին երաժիշտներ, դերասաններ, շոու-բիզնեսի այլ աստղեր։ Օրինակ՝ Ռոբերտ դե Նիրոն աջակցում էր Հիլարի Քլինթոնին, Բեյոնսեն, Ջեյ Զին՝ ևս, նույն հաջողությամբ Թրամփին աջակցում էին մի շարք երաժիշտներ՝ ոչ միայն ռոք ոճը ներկայացնող, այլև՝ country, որոնք ԱՄՆ-ում շատ հայտնի են։ Սա բնական պրակտիկա է, որն աշխարհի բոլոր երկրներում կա։ Ես օրինակ բերեցի ՄԱՆ-ն ու Ռուսաստանը։ Բոլորդ հիշում եք, որ Ռուսաստանում ընտրությունների ժամանակ միշտ էլ շոու-բիզնեսի աստղերը, այդ թվում՝ ռոք-խմբերը մասնակցում են ընտրական պրոյեկտներին»,- օրինակներով հիշեցրեց Սուրեն Սարգսյանը։

Նա նաև հիշեցրեց, որ նույնը եղել է Հայաստանում ևս։ Ըստ Սարգսյանի՝ սա առաջին նախագահակական, խորհրդարանական ընտրությունը չէ, երբ աստղերն աջակցում են այս կամ այն թեկնածուին, կուսակցությանը։ «Եթե ետ գնանք 2008թ., 2013թ. նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ հայկական տասնյակ երաժիտներ, ռոք խմբեր աջակցել են թե Լևոն Տեր-Պետրոսյանին, թե Սերժ Սարգսյանին, թե այլ թեկնածուներին»,- ասաց նա։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն արձանագրեց, որ «Ռեինկարնացիան» շատ սիրված խումբ է, բաղկացած լուրջ, պրոֆեսիոնալ տղաներից, որոնք իրենց աշխատանքը լավ են կատարում։ «Կարծում եմ, որ մարդիկ մտածում էին՝ երաժշտությունն ու քաղաքականությունը չպետք է մեկտեղվեն, բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ մասնավորապես ռոք երաժշտությունը միշտ էլ եղել է քաղաքական գործընթացներում ներգրավված, եղել է կամ ընդդեմ, կամ հանուն ինչ-որ բանի։

Հեռու չպետք է գնանք և հիշենք, թե ինչպես էին 1970-ական թթ. բրիտանական և ամերիկյան ռոք երաժիշտները պայքարում Վիետնամի պատերազմի դեմ, կամ ինչպես էին Նիքսոնի դեմ պայքարում նույն այդ երաժիշտները, թե ինչպես էր ԱՄՆ քաղաքական վերնախավը պայքարում Ջոն Լենոնի դեմ, քանի որ նա քաղաքական գործընթացներում էր ներգրավված, այսինքն՝ նման երևույթներ եղել են միշտ, լինելու են, ուստի պետք է դրան հանգիստ վերաբերվել։ Կարծում եմ՝ պետք է շարունակել լսել «Ռեինկարնացիա» ռոք խմբի կատարումները, քանի որ այդ խմբի տղաները լուրջ, պրոֆեսիոնալ և լավ երաժիշտներ են։

Ինձ համար բացարձակապես կապ չունի, թե նրանք քաղաքական գործընթացներում կա՞ն, թե՞ ոչ։ Նույնկերպ սիրում եմ Ջոն Լենոնին, ինձ համար բացարձակ միևնույն է՝ նա ժամանակին աջակցե՞լ է, ենթադրենք, Նիքսոնին, թե՞ նրա քննադատն է եղել»,- նման տեսակետ հայտնեց Սուրեն Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս