«Շատ կուսակցություններ ծնվելու են, և շատ կուսակցություններ ու քաղաքական գործիչներ էլ մեռնելու-ոչնչանալու են». Քաղաքագետ

«Այս ընտրարշավին հաստատվեց այն թեզը, որ, եթե երկիրը կուսակցական քաղաքական համակարգով կայուն, զարգացած օրգանիզմ չունի, անթույլատրելի է անցնել խորհրդարանական հանրապետության մոդելին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա նշեց, որ դա են գալիս ապացուցելու տեղեկությունները սպանության փորձերի, դանակահարությունների մասին, որոնցով մարդիկ «կյանքի գնով փորձում են խորհրդարան մտնել՝ կողոպուտին մասնակցելու համար»:

Քաղաքագետը հույս հայտնեց, որ գործընթացը կքաղաքականանա, որովհետև, ըստ նրա, եթե դա մնաց ոչ քաղաքական գործընթաց, մենք կունենանք շատ ավելի վատ ընթացք: Նա նաև կարծում է՝ քաղաքական ուժերն Արցախի հարցի քննարկման վրա չպետք է բևեռանան, որովհետև այդ հարցը լուծել է Արցախի ժողովուրդը, և Հայաստանից գործողություններ եթե գնան, դա քրեորեն դատապարտելի կլինի, քանի որ պետության ներքին գործերին խառնվելու փորձեր չպետք է լինեն:

«Կարծում եմ՝ բացառապես մեր ազգային և պետական շահերից է բխում՝ բանակը շարժել Քուռի և Արաքսի ափեր: Խաղաղությունը լավ բան է, բայց դա այն արժեքը չէ, որի համար ժողովուրդներն ապրում են: Հայրենիքը և պետությունն ավելի գլխավոր արժեք են»,- նշեց քաղաքագետը:

Ըստ քաղաքագետի՝ այս ընտրությունները ժողովրդի կենսական շահի հետ որևէ առնչություն չունեն, ուղղակի ժողովրդի քվեն է պետք. «Ակնհայտ է, որ շատ կուսակցություններ ծնվելու են, և շատ կուսակցություններ և քաղաքական գործիչներ էլ մեռնելու են, ոչնչանան-գնան, սա կյանքի բնականոն ընթացք է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս