«Փուլային լուծումը, որ առաջարկում են մեր գործընկերները, ուղղակի համարում եմ անցյալի հուշեր». Խաչատուր Քոքոբելյանը՝ ԼՂՀ հարցի լուծման մասին

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել առանց քաղաքակիրթ աշխարհի՝ ուղղակի անհնարին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշեց, որ Հայաստանի հիմնական խնդիրների լուծումը չի գտնվում Մոսկվայում, բայց չի ասում՝ այդ խնդիրների լուծումը գտնվում է Բրյուսելում կամ մեկ այլ մայրաքաղաքում: Ըստ նրա՝ այդ բոլոր խնդիրների լուծումը նախ՝ գտնվում է Երևանում և քաղաքակիրթ աշխարհում:

«Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, գտնում ենք, որ այդ խնդիրը հնարավոր է միայն լուծել փաթեթայինով, փուլային լուծումը, որ առաջարկում են մեր գործընկերները, ուղղակի համարում եմ անցյալի հուշեր, որովհետև Ղրիմի ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ դու չես կարող, երաշխավորներ ունենալով և ունենալով այնպիսի թշնամի, որ ցանկացած գործողության ունակ է, գնաս ու պայմանավորվես փուլային լուծման»,- նշեց Խ. Քոքոբելյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ ՀԱԿ-ի՞ն նկատի ունեք, Խ. Քոքոբելյանը պատասխանեց, որ և՛ ՀԱԿ-ին, և՛ բոլոր նրանց, ովքեր այդ մասին խոսում են. «Խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փուլային լուծման մասին, դա ոչ ավել, ոչ պակաս, նշանակում է՝ մեր հայրենակիցների ճակատագիրը թողնել այլոց քմահաճույքին: Պետք է խնդիրը լուծվի փաթեթային տարբերակով, ԼՂՀ-ին վերադարձնել՝ որպես լիիրավ բանակցային կողմ, և միջազգային հանրությունը ժամ առաջ պետք է ճանաչի Արցախի անկախությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս