Բաժիններ՝

Գյումրիի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Թլիկ գյուղի մոտ տեղի ունեցած սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակչին՝ Թլիկ գյուղի մոտ 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել առ այն, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա:

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Կ.Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 24-ամյա բնակիչը Երևանի Լենինգրադյան փողոցում  Կ.Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ, որից հետո միասին ուղևորվել են նշված քաղաք:

Երևան-Գյումրի ճանապարհից շեղվելով՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղ մոտ  նրանց միջև ավտոմեքենայում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, ըստ նախնական քննության տվյալների, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցվել Կ.Գրիգորյանի կրծքավանդակին և պարանոցին, պատճառվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ 24-ամյա երիտասարդը տուժողին ավտոմեքենայից  հանել է և թողել գյուղամիջյան ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենայով փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն շուրջ 400մ անցնելով, ավտոմեքենան թաղվել է ձյան մեջ, ուստիև՝ ճանապարհը շարունակել է ոտքով։  Երիտասարդը հայտնաբերվել է գյուղի մոտակայքում և ձերբակալվել։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս