«ՌԴ-ն շատ կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում». Բակո Սահակյան
ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության ողջ ընթացքում Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է բանակցային գործընթացին, և, ինչպես մյուս համանախագահները, կառուցողական դիրքորոշում ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Ռուսաստանը շատ կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Այդ թվում և հենց նրա ջանքերի շնորհիվ ու անմիջական մասնակցությամբ 1994թ. հաստատվեց խաղաղություն ու Արցախի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը»,- նշել է Արցախի նախագահը:
Սահակյանը շեշտել է նաև, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նախ և առաջ վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ: «Ինչպես արդեն նշել եմ, Բաքուն պետք է հրաժարվի իր մարդատյաց և ագրեսիվ գործողություններից, որոնք խաթարում են բանակցային գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- նշել է Արցախի Հանրապետության ղեկավարը:
Սահակյանն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների ձեռքբերմանը: «Նման զենքերի առկայությունը կայունացնող դեր է խաղում մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման հարցում: Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք սրտի, դարձել է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ամենագործուն մեխանիզմը»,- շեշտել է Արցախի նախագահը: