Կենսաթոշակ կամ նպաստ ստացող անձանց մահվան դեպքում պետությունն աջակցում է հոգալ հուղարկավորության ծախսերը

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում պետությունը վճարում է նպաստ հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։

Թոշակառուի կամ նպաստառուի մահվան դեպքում հուղարկավորություն կատարած անձի դիմումի համաձայն նշանակվում և վճարվում է թաղման նպաստ 200.000 դրամի չափով:

Այն ստանալու համար անձը ներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ, մահվան վկայական։ Եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված է գրառում, որ  կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում, ապա անհրաժեշտ է նաև  գերեզմանատան տնօրինության տված տեղեկանք անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

Պետությունը որևէ սահմանափակում չի դրել նպաստը ստանալու իրավունքի վրա․ նպաստը նշանակվում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնողին:

Ծառայության կողմից ռիսկերի վրա հիմնված պարբերաբար իրականացվող վերլուծությունների արդյունքում  պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ մեկ անձի պատվիրակել են ստանալ թաղման նպաստ մեկ տասնյակից ավելի անգամ, ընդհուպ մինչև 300 անգամ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված երևույթն արգելված չէ օրենքով, սակայն մտահոգություն է առաջացնում առ այն, որ քաղաքացիների շրջանում կա իրազեկվածության պակաս։ Այստեղից բխող հնարավոր այլ խնդիրների վերհանման և դրանց համակարգային լուծումներ տալու նպատակով Ծառայությունն այդ մասին տեղեկացրել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամների և համապատասխան մարմինների։ Խնդրի ամբողջական գնահատման արդյունքում, անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն օրենսդրական փոփոխություններ։ 

Տեսանյութեր

Լրահոս