Ալեգրին հայտնել է ընկերներին «Արսենալը» գլխավորելու ցանկության մասին
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է գլխավորել «Արսենալը»: Հաղորդվում է, որ 49-ամյա իտալացին այդ մասին պատմել է ընկերներին:
Ալեգրին դժգոհ է, որ «Յուվենթուսի» ղեկավարությունը բավարար չի աջակցել իրենց թիմի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ կոնֆլիկտի ժամանակ, և պլանավորում է հեռանալ ակումբից:
Թուրինցիների ղեկավարությունն արդեն սկսել է նոր մարզչի որոնումները և կանգ է առել Լուչանո Սպալետիի վրա, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ: Սակայն նրա նշանակմանը դեմ է «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին, ով զայրացած է Սպալետիի վրա այն պատճառով, որ վերջինս «Զենիթի» մարզիչը եղած ժամանակ հրաժարվել է աշխատել Թուրինում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը