«Ադրբեջանական սահմանամերձ գյուղերը գրեթե ամբողջովին դատարկվել են». Վիտալի Բալասանյան. «Նովոստի Արմենիա»

Ադրբեջանական գյուղերը, որոնք սահմանակից են Մարտակերտի շրջանին, գրեթե ամբողջովին դատարկվել են: Բնակիչները զանգվածաբար լքում են սահմանային բնակավայրերը: Այս մասին «Նովոստի Արմենիայի» թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Բալասանյանը հայտնել է, որ երեկ եղել է Թալիշի և Մատաղիսի այն դիրքերում, որոնք ապրիլին զավթվել էին հակառակորդի կողմից:

«Ամբողջ օրն այնտեղ եմ անցկացրել, ոչ մի կրակոց չեմ լսել: Դիրքերում հանգիստ է, զինծառայողները լավ տրամադրություն ունեն: Հակառակորդի կողմում որևէ տեղաշարժ չի նկատվել: Գյուղերում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնտեղ գրեթե ոչ ոք չի բնակվում: Չէի ասի, թե Ադրբեջանի իշխանություններն են կազմակերպել այդ ամենը: Սակայն դա է ադրբեջանական իշխանությունների իրական ձեռագիրը. նրանք չեն խղճում սեփական ժողովրդին», ‐ ընդգծել է նա:

Բալասանյանը նշել է, որ Թալիշում և Մարտակերտի շրջանի մյուս գյուղերում իրավիճակը հանգիստ է, աշխատում են դպրոցներն ու մանկապարտեզները:

Տեսանյութեր

Լրահոս