«Ես հիմա էլ եմ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցը». Հայկ Գրիգորյան

Սյունիքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ կերպ չի մասնակցելու: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Գրիգորյանը նշեց, որ կուսակցությունում այդպես են նպատակահարմար գտել, որևէ պատճառաբանություն չի ներկայացվել: Նա համաձայնեց, որ գուցե ինքն է մեղավոր, որ ավելի ակտիվ չի եղել և ՀՀԿ ցուցակում չի ընդգրկվել:

Դիտարկմանը, որ ինքը Սյունիքում պատգամավոր է ընտրվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությամբ, Հ.Գրիգորյանը պատասխանեց. «37 ընտրատարածքի ընտրողների ընտրությամբ նաև, շեշտե՛ք»:

Հ.Գրիգորյանը չհամաձայնեց, որ Ս.Խաչատրյանի հովանավորությունն ինքն ապացուցել է նաև իր հարցազրույցներով և ելույթներով. «Նայած, թե ինչ ի նկատի ունեք՝ հովանավորություն ասելով: Եթե դուք ներկայացնում եք ընտրողներին, ներկայացնում եք թեկնածությունը՝ որպես տարածքային կազմակերպության ղեկավար, դա շատ նորմալ է: Եթե դուք դա եք ասում՝ հովանավորություն, ես ասում եմ` այդ բառը ներկայացնելու պրոցեսն է»:

«Ես հիմա էլ եմ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցը, մենք ընկերներ ենք, բարեկամներ ենք»,- նկատեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Նա չցանկացավ խոսել ապագայի ծրագրերից, միաժամանակ բացառեց իր՝ ընդդիմադիր դառնալը. «Չէ հա, ինձանից ի՞նչ ընդդիմադիր: Ես ինձ ընդդիմադիր դաշտում չեմ էլ պատկերացնում, եթե ՀՀԿ-ն չանցնի ընդդիմություն»:

Տեսանյութեր

Լրահոս