««Նորմանդյան ձևաչափը» չի ընդլայնվի». Գերմանիա
«Նորմանդյան քառյակի» ձևաչափը (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա Ռուսաստան) չի ընդլայնվի ԱՄՆ-ի հաշվին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Մյունխենում «Նորմանդյան քառյակի» բանակցություններից հետո, որն անցկացվում էր նախարարների մակարդակով:
«Մենք ձևաչափի ընդլայնման մասին խոսել ենք ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Մենք պայմանավորվել ենք ԱՄՆ-ի հետ շփումների մասին, սակայն կարծում ենք, որ գոյություն ունեցող ձևաչափն անհրաժեշտ է պահպանել: ԱՄՆ-ը համաձայնել է»,- ասել է նա:
Քառյակի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա «մի քանի շաբաթվա ընթացքում»:
«Մենք խոսելու ենք քաղաքական գործընթացի մասին, ինչը ամենածանրն է լինելու, սակայն առանց լռության ռեժիմի, սպառազինությունները հետ քաշելու մենք չենք կարող այն սկսել»,- հավելել է գերմանացի նախարարը:
Իր հերթին, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն ընդգծել է, որ Մինսկի պայմանավորվածություններին այլընտրանք չկա: