Zangi. հայկական առաջին ընկերությունը, որ կմասնակցի Mobile World Congress-ին
Zangi հաղորդակցման հավելվածն առաջին հայկական արտադրանքն է, որ մասնակցելու է Mobile World Congress-ին: Հայկական ընկերությունն իր արտադրանքը կներկայացնի Բարսելոնայում: Mobile World Congress-ն այս տարի տեղի կունենա փետրվարի 27-ից մինչև մարտի 3-ը:
Zangi ընկերությունը ստեղծվել է դեռ 2009թ., սակայն վերջնական հավելվածը հասանելի դարձավ միայն 2015թ.՝ երկարատև մշակումներից և շտկումներից հետո: Այժմ հասանելի է նաև ծառայության web տարբերակը:
Zangi-ն հայկական մեսինջեր է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: Իր գործառույթներով հայկական հավելվածը չի զիջում հեղինակավոր Skype կամ Viber մեսինջերներին: Մեսինջերը միակն է, որ թույլ է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր, ինչով զգալիորեն գերազանցում է վերը նշված հավելվածներին:
Բացի այդ, հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն,ունի հարմար և պարզ ինտերֆեյս:
Zangi-ն իր օգտատերերին է առաջարկում նաև յուրահատուկ սթիքերներ, որոնց մեծ մասն անվճար է: Դրանց մեջ հատկապես առանձնանում են հայերեն զվարճալի և հետաքրքիր սթիքերները:
Հավելվածը նաև օգտագործում է տվյալների ամենաքիչ քանակությունը՝ միևնույն ժամանակ չվնասելով ծառայության որակին: Տվյալների օգտագործման իր սովորական ռեժիմում Zangi-ն սպառում է 216ԿԲ տվյալ՝ ամեն րոպե ձայնային զանգի ժամանակ։ Տվյալների սպառման ցածր ռեժիմում Zangi-ն կատարում է մի քանի քայլ առաջ՝ իջեցնելով տվյալների իր սպառումը մինչև 134ԿԲ՝ ձայնային զանգի ամեն րոպեի համար։ Հաղորդակցման այլ հավելվածները նույնիսկ մոտավորապես չեն հասնում այս թվերին։
Սիրարփի Աղաբաբյան