Ինչու է Ադրբեջանը խոչընդոտում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգումը

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը։ Թեև տարեսկզբին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել էր անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում, այդ թվում` ՀՀ-ում, ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում, խնդիրը չի հանգուցալուծվում։ Հունվարի 27-ին ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի էր ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ, Ավստրիան ներկայացնող Կլեմենս Կոյան նշել էր, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ քննարկումների շրջանակներում մի երկիր, ըստ էության` Ադրբեջանը, մտահոգություն է արտահայտել, որ գրասենյակի մարդասիրական ականազերծման ծրագիրը չի համապատասխանում առաքելության մանդատին։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, այս կապակցությամբ ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցիչը Երևան այցելության և տեղում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանգել է եզրակացության, որ նշված ծրագիրը համապատասխանում է գրասենյակի մանդատին։ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահն ընդգծել է, որ թե նախորդ` գերմանական, թե ներկայիս` ավստրիական նախագահությունները սատարում են այդ տեսակետը։

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահն ափսոսանք է հայտնել, որ նույնիսկ այս պայմաններում հետաձգվում է երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման որոշումը։ Ավելին, նա նշել էր, որ դա սպառնում է բացասական հետևանք ունենալ ԵԱՀԿ ողջ գործունեության վրա։ Որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակ` ԵԱՀԿ նախագահությունը երևանյան գրասենյակին հորդորել էր ձեռնպահ մնալ մարդասիրական ականազերծման այդ ծրագրի իրականացումից։ Կլեմենս Կոյան պնդել էր, որ երևանյան գրասենյակի մյուս բոլոր ծրագրերն անխափան շարունակվեն։

Ի դեպ, Ադրբեջանն այս հարցը բարձրացրել էր միայնակ` հակադրվելով ԵԱՀԿ մասնակից 56 երկրների։ ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Կանադայի, Շվեյցարիայի, իրենց ելույթներում սատարել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։ Տեղեկացնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին լրացել է Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատի ժամկետը։

Հայկական կողմն ադրբեջանական այս դիրքորոշմանը հստակ բացատրություն է տրամադրել։ Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր.

«Բավարար չէ, որ Ադրբեջանը թույլ չտվեց, որպեսզի իր մոտ գործի ԵԱՀԿ գրասենյակ, հիմա էլ փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի գործունեությունը։ Կարծում եմ` այստեղ եվրոպական կառույցները, հատկապես ԵԱՀԿ-ն, մտածելու տեղիք ունեն։ Նրանք հեշտ ու հանգիստ կուլ տվեցին այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր մոտ փակեց գրասենյակը` ասելով, որ դա ամեն պետության սուվերեն իրավունքն է։ Լավ, դա Ադրբեջանի իրավունքն է, բայց հիմա նա փորձում է արգելափակել Հայաստանում գործող գրասենյակը։ Խնդիրն այն է, որ բոլոր որոշումները ԵԱՀԿ-ում կայացվում են կոնսենսուսով, ինչը վերաբերում է բյուջեին, իսկ Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը` ասելով, որ կարող է արգելափակել բյուջեն, եթե իր ուզածով չի լինում»։ Քոչարյանի խոսքով` սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը նման վարքագիծ է դրսևորում։

«Այսպիսի մի դեպք էլ եղավ, երբ ժամանակին կար համաձայնություն հետաքննության մեխանիզմի վերաբերյալ։ Այդ նպատակի համար ԵԱՀԿ բյուջեին գումար էր տրամադրվում, մինչդեռ Ադրբեջանը տապալեց գործընթացը` սպառնալով արգելափակել ԵԱՀԿ բյուջեն»,- հավելեց նա։

Գերմանացի քաղաքագետ, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ Ալեքսանդր Ռարը «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային` ասաց, որ ԼՂ հակամարտության կողմերի վարած արտաքին քաղաքականության որոշ բաղադրիչներ պետք է ընկալվեն հենց ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նրանց դիրքորոշումներից ելնելով։ Գերմանացի վերլուծաբանը հիշեցրեց, որ Ադրբեջանի համար հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն անընդունելի է, իսկ Հայաստանի համար` ոչ։

«Ակնհայտ է, որ Հայաստանին ձեռնտու է ներկայիս ստատուս-քվոն, որը, ըստ էության, ներառում է հարաբերական խաղաղություն շփման գծում և սահմանին, տարածքային առումով Հայաստանի համար շահեկան իրավիճակ է։ Հայաստանին իրերի նման դրությունը հասկանալիորեն գոհացնում է, քանի որ կամ պետք է լինի կարգավորում, ինչը որոշակի զիջումներ է ենթադրում, կամ պատերազմ, որի հետևանքներն անկանխատեսելի են։ Իսկ ի՞նչ է կրկնում վերջին տարիներին Ադրբեջանը. «ստատուս-քվոն այլևս անընդունելի է»։

ԵԱՀԿ-ն, չունենալով մանդատ` միջամտել բուն հակամարտությանը կողմերին լուծումներ պարտադրելով, փորձում է կայունություն և խաղաղություն ամրապնդել սահմանին, շփման գծում, սա և ԵԱՀԿ ՄԽ ջանքերը, դատելով Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարություններից, աննպատակ ջանքեր են, որի պատճառով Ադրբեջանը հարկ չի համարում գործակցել ԵԱՀԿ-ի հետ, փորձելով խոչընդոտել նաև ԵԱՀԿ-ՀՀ համագործակցությունը։ Սակայն, իմ համոզմամբ, այդ համագործակցությունն ամենևին էլ Ադրբեջանի կամքից չէ կախված, Ադրբեջանի կամքից է կախված, թե որքանով արդյունավետ կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասաց Ալեքսանդր Ռարը։

Վերջինիս պնդմամբ` կա մեկ այլ պատճառ ևս, որի համար Ադրբեջանը չի ցանկանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգում։ Ըստ Ռարի, Ադրբեջանը, ինչպես Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակում, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում փորձում է մրցակցել իր հակառակորդ Հայաստանի հետ` նրան ստվերում թողնելով ոլորտներում, որոնցում Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում։ «Այսինքն` Ադրբեջանը չէր ցանկանա իրերի մի այնպիսի դրություն, երբ Հայաստանն արդյունավետորեն գործակցում է ԵԱՀԿ-ի հետ, իսկ Ադրբեջանը` ոչ։ Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունները հավասարեցնել Ադրբեջան-ԵԱՀԿ հարաբերությունների մակարդակին, քանի որ մտավախություններ ունի, որ այդ հարաբերությունների շնորհիվ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբից արտոնյալ կարգավիճակ է ստանում»,- ասաց Ալեքսանդր Ռարը։ Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ևս նույն խնդիրը մատնանշեց։

Նրա համոզմամբ` Ադրբեջանն այդ գրասենյակի գործունեությունը Երևանում ընկալում է` որպես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առավելություն Հայաստանին։

«Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ծառայում է ՀՀ շահերին` փորձելով պահպանել ստատուս-քվոն հակամարտության գոտում։ Սակայն ՄԽ-ն խնդիր ունի առաջ մղել բանակցությունները, որոնց ընթացքում պետք է հասունանա կարգավորումը, երբ կողմերը հեռու են կարգավորումից, ՄԽ-ն խնդիր է դնում պահպանել ստատուս-քվոն։ Իրավիճակը բարդ է, յուրաքանչյուր երկրի ընկալումները և եզրակացությունները` տարբեր»,- ասաց նա։ Սակայն Հալբախն ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա ևս։

«ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունների կայունության համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ավելի խորապես վերլուծի իր քայլերը հենց ԵԱՀԿ որոշումների կայացման ընթացքում` առիթներ թույլ չտալով դրանց վատթարացման համար։ Հայ-ռուսական հարաբերությունների հետևանքով պատահել են դեպքեր, երբ Հայաստանը վտանգի տակ է դրել իր հեղինակությունը ԵԱՀԿ-ում։

Կարծում եմ` սա ևս ուշադրության արժանի հանգամանք է։ Վտանգ կա, որ սա և Ադրբեջանի ջանքերն այս ուղղությամբ գուցեև որոշակի արդյունքներ տան։ Պետք չէ բոլոր սլաքներն ուղղել Ադրբեջանին, իհարկե, այս դեպքում Ադրբեջանն է փորձում խափանել երկարաձգման գործընթացը, բայց կան նաև միտումներ, որոնք Հայաստանին դուրս են դնում այս կառույցի հետ արդյունավետ աշխատանքից։ Խոսքը Հայաստանի մի քանի քվեարկությունների մասին է վերջին տարիների ընթացքում, որոնք անակնկալ են եղել ԵԱՀԿ-ի համար»,- ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Հալբախը։ Վերջինս, սակայն, նաև շեշտեց, որ այսօր Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունները կարելի է դրական գնահատել։

«Հայաստանին ձեռնտու է դա պահպանել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չկորցնելու համար, քանի որ այդ ձևաչափը պահպանվում է նաև ՀՀ ջանքերով և ցանկությամբ»,- շեշտեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս