«Հովիկ Աբրահամյանը սխալվեց». Ազատ Արշակյան

168.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

– Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշումը, և արդյոք հավանական համարո՞ւմ եք, որ նա կհայտնվի նախկին իշխանավորների (Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան) դաշինքում, որին նաև դուք եք աջակցում։

– Ես կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը սխալվեց, նա շատ շուտ պետք է աներ այդ քայլը՝ որպես փորձառու կարիերիստ, նա պետք է շատ արագ դա աներ, կարծում եմ, որ նա նույնիսկ պետք է Ծառուկյան Գագիկի հետ հեռանար հայտնի փետրվարյան դեպքերի ժամանակ, նա չպետք է Պավլիկ Մորոզովի ակցիան կրկներ Հայաստանում, չպետք  է «բամփեր» իր բարեկամին, դա շատ կոպիտ սխալ էր, ընդհանրապես նա շատ երկար տարիներ պետք է մաքրվի այդ ակցիայից։ Քանի տարի նա արդեն կորցրել է, նա պետք է հենց այն ժամանակ հեռանար ՀՀԿ-ից, և հիմա արդեն նրա վերադարձը կլիներ, մենք արդեն նախընտրական քարոզարշավի ժամանակ կունենայինք ոչ թե դուրս մղված և շատ կաշկանդված Հովիկ Աբրահամյանին, այլ քաղաքականություն վերադարձող Հովիկ Աբրահամյանին: Ճիշտ այնպես, ինչպես Ծառուկյանը։ Հիմա ուշացել է։

Բայց քանի որ նա դեռևս ունի ռեսուրսներ, չեմ կարող ասել, որ դա քաղաքական ռեսուրս է, բայց նա հսկայական նյութական, ֆինանսական և հարաբերությունների ռեսուրս ունի, այդ ռեսուրսով ինքն ուզում է վերականգնել իր կարգավիճակը ՀՀ-ում։ Նա թախծոտ հրաժեշտ է տալիս իր ենթականերին և ասում՝ «մնաք բարով, իմ ծառաներ, մնաք բարով, որ ծառայել եք ինձ»։ Հովիկ Աբրահամյանը սխալվեց, բայց դեռ ունի ռեսուրսներ, և, եթե լուրջ ջանքեր թափի և խելացի, խոհեմ լինի, ճիշտ օգտագործի իր ռեսուրսները, նա կարող է որոշ չափով վերականգնել իր կարգավիճակը Հայաստանի քաղաքական կյանքում։

Կարդացեք նաև

– Քանի որ դուք շփումների մեջ եք Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի հետ, դուք տեսնո՞ւմ եք այդ տրամադրվածությունը, որ կարող են ընդունել Հովիկ Աբրահամյանին իրենց շարքերը, ըստ ձեզ՝ բա՞ց են դռները Հովիկ Աբրահամյանի առջև։

– Կարևորագույն հարցերի վերաբերյալ ես շփումների մեջ չեմ այդ դաշինքի հետ, ես գնում եմ իմ ճանապարհով, այստեղ ուղղակի համընկել է, որ մենք նույն ճանապարհով ենք գնում, ես այդ ներքին խոհանոցին ծանոթ չեմ։ Կուզենայի իմանալ՝ այնտեղ ինչ են ասում մոմերի լույսերի տակ, երբ հավաքվում են դիմակներով, սուսերով։

– Եթե Հովիկ Աբրահամյանը միանա որևէ դաշինքի կամ կուսակցության, ձեր կարծիքով, դա առավելությո՞ւն է նրանց համար, թե՞ հակառակը՝ կարող է վնասել այդ դաշինքի կամ կուսակցության վարկանիշին։

– Անպայման կվնասի դաշինքին, եթե վարկանիշ ունի։ Սկսենք նրանից՝ այդ դաշինքներն արդյոք ունե՞ն վարկանիշ։

– Ունե՞ն, թե՞ չունեն։

– Քաղաքական մեր հարթակում բոլորը նախկին իշխանություններ են՝ նախկին պատգամավորներ, նախկին քաղաքապետներ, նախկին ավագանի, նախարարներ, և դա բնական է, և պետք է լինեին նաև երիտասարդներ, որոնք պետք է աճեին։ Հիմա այդ նորերը շատ քիչ են, ազդեցիկ չեն, ծերունիներն էլ խանդոտ են, տեղ չեն տալիս, այդ պայքարը հին ու նոր սերունդների Հայաստանի քաղաքական դաշտում ակնհայտ է։ Քաղաքական զառամյալներ կան, որ չեն հեռանում, նորերին տեղ չեն տալիս։ Բայց այնպես է, որ այսօր աշխույժ քաղաքական գործիչները նախկին են բոլորը: Այնպես որ, այնտեղ Հովիկ Աբրահամյանը ոչնչով աչքի չի ընկնում իր նախկին կենսագրությամբ, այնտեղ կան  նախկին վարչապետներ, ԱԺ նախագահներ, որոնք ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Այնպես որ, Հովիկ Աբրահամյանն ընկնելու է յուրայինների մեջ, նա սպիտակ չի լինելու՝ որպես ագռավ։

– Դուք Վարդան Օսկանյանին և Սեյրան Օհանյանի՞ն նկատի ունեք՝ «քաղաքական զառամյալներ» ասելով։

– Չէ, ինչո՞ւ, Արամ Զավենի Սարգսյանը նույնպես վարչապետ է եղել, Խոսրով Հարությունյանը նույնպես վարչապետ է եղել։ Վարչապետների և ԱԺ նախագահների դասակ ունենք մենք, որոնք ուզում են վերադառնալ՝ առնվազն իրենց պաշտոններին։ Այնպես որ, Հովիկ Աբրահամյանն այդ խմբերից որտեղ էլ գնա, յուրային է՝ որպես նախկին գործիչ։

– Ըստ ձեզ՝ ՀՀԿ-ի դիրքերը թուլանո՞ւմ են նախկին իշխանավորների՝ իշխանությունից դուրս գալով, և ընդդիմադիրների՝ դաշտում հայտնվելով։

– Այո, թուլացել են։ ՀՀԿ-ն ժողովրդավարական կուսակցություն չէ, դա փոքրիկ խումբ է՝ ոչ ժողովրդավարական կանոններով կարգավորվող, իսկ ոչ ժողովրդավարական կանոններով կարգավորվող խմբերում անհնազանդությունը, այլակարծությունը փլուզում է առաջացնում։

Տեսանյութեր

Լրահոս