Բաժիններ՝

«Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլը Երևանում

Երկու ժամ տևողությամբ, շուրջ 50 դերասանների մասնակցությամբ երգող, պարող և պարզապես գեղեցիկ հեքիաթ-ներկայացում՝ երեխաների համար, որի ստեղծման շուրջ աշխատել են 8 ամիս: «Արամ Խաչատրյան» համերգասրահում օրեր առաջ տեղի ունեցավ «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլը: Ներկայացման ռեժիսոր Սոնա Մարգարյանն իր թատերախմբի հետ հսկայական աշխատանք էր տարել և կարողացել հանդիսատեսին փոխանցել «Ուոլտ Դիսնեյի» նկարահանած համանուն մուլտֆիլմի ողջ հմայքը:

Մյուզիքլի երաժշտական ռեժիսոր Զառա Վիրաբյանը, ով մյուզիքլների բեմադրման փորձ է ձեռք բերել դեռևս 1994թ.-ից ԱՄՆ-ում և Մոսկվայում,  իր տարիների փորձն անմնացորդ նվիրել էր տարբեր մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողներին, ովքեր սիրողական թատերախմբի սաներ են, և իրապես հասել արդյունքի: Դրա վառ ապացույցը մեկ շնչով դիտվող երկու ժամ տևողությամբ ներկայացումն էր՝ երեխաների համար:

Մեր հարցազրույցը «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլի պրոդյուսեր և այդ հսկայական նախագիծն իրականություն դարձնող Նանե Սարգսյանի հետ, կայացել էր նախքան պրեմիերան:

– Մասնագիտությամբ ծրագրավորողի մոտ ինչպե՞ս միտք հղացավ բեմադրելու մյուզիքլ: Արվեստի մեջ ինչպե՞ս ընդգրկվեցիք:

Կարդացեք նաև

– Դեռ դպրոցական տարիներին ես երգում էի, սցենարներ էի գրում: Հետագայում այն դպրոցում, որտեղ որդիս էր սովորում, ծնողկոմիտեի նախագահ էի, վերջին զանգի սցենարներ էի գրում, բեմադրում: Ես սիրում եմ ստեղծագործել: Իհա՛րկե, դպրոցական տարիների սիրողական բեմադրությունները մի կողմ թողնելով՝ պետք է ասեմ, որ շատ լավ գիտակցում եմ, որ լուրջ գործ բեմադրելու համար պետք է համագործակցել տվյալ ոլորտի  մասնագետների հետ: Իմ բախտն այդ հարցում բերել է՝ ես շրջապատված եմ իրենց գործում գիտակ և խելացի մարդկանցով: Բացի այդ, մեր «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլի երաժշտական ռեժիսորը՝ Զառա Վիրաբյանը, ով 1994 թ.-ից մյուզիքլներ է բեմադրում ԱՄՆ-ում և Մոսկվայում, իմ վաղեմի ընկերն է: Մեր ընկերությունը 40 տարվա պատմություն ունի:

-Դուք մյուզիքլ եք բեմադրել մի երկրում, որտեղ թատերական այդ ժանրն առանձնապես մեծ հետաքրքրություն չի վայելում: Ներդրած գումարը ե՞տ կգա: Հարցն ուղղում եմ Ձեզ՝ որպես պրոդյուսերի, ով, կարծում եմ, նաև ֆինանսական դիտանկյունով է մոտեցել այս մյուզիքլի իրականացմանը:

– Սկսեմ նրանից, որ գումարի ետ գալու մասին խոսք անգամ չկա: Մենք աշխատում ենք միայն մեր երեխաներին հեքիաթ պարգևելու, նրանց ուրախացնելու համար: Շուրջ 8 ամիս աշխատել ենք այս մյուզիքլի բեմականացման համար՝ «Սլավոնական համալսարանի» թատերական խմբակի հետ: Մենք պատրաստվում ենք ևս 2 մյուզիքլ բեմադրել, որոնցից մեկը՝  փոքրիկների մասնակցությամբ: Բացի այդ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանին՝ մեզ վստահելու և աջակցելու համար… Շատ-շատերին ենք շնորհակալ: Գիտեք, երբ բարի գործ ես անում, շուրջդ բարի մարդիկ են հավաքվում: Մենք իրապես ուզում ենք տոն պարգևել մեր բալիկներին: Հրավիրել ենք օնկոլոգիայով հիվանդ երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, հաշմանդամներին, խուլերի միավորմանը:

 – Իսկ ինչո՞ւ է մյուզիքլը  ռուսերեն լեզվով:

– Ընկերուհիս՝ Զառան, միայն ռուսերեն և անգլերեն լեզուներով մյուզիքլներ բեմադրելու փորձ ունի: Ի սկզբանե մեր ընտրությունը երկու լեզուների միջև էր: Սոնա Մարգարյանը, ով հանդիսանում է «Սլավոնական համալսարանի» թատրոնի ռեժիսորը, սիրով համաձայնեց համագործակցել մեզ հետ՝ իր խմբով: Այդպես համախմբվեցինք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: «Գեղեցկուհին և հրեշը» մենք առաջին անգամ բեմադրել ենք մայիսին, Սլավոնական համալսարանի բեմում, ռուսերեն ասած՝ «на ура», այսինքն՝ ինչ լինի, թող լինի… Եվ ահա առաջին անգամ մեր մյուզիքլը լինելու է մեծ բեմում:

Ի դեպ, նշեմ, որ մեր դերասանները բեմում աշխատում են միայն կենդանի ձայնով:

– Մյուզիքլն ընդունված է համարել ամերիկյան արվեստ: Երբ ասում ենք՝ մյուզիքլ, հասկանում ենք՝ Բրոդվեյ, ենթադրում ենք հսկայական գումարներ, որոնք ներդրվում են խենթացնող կերպարային հագուստի, դեկորացիաների և լուսային ձևավորման համար, և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալիզմ:

– Ինչպիսի՞ն է երևանյան մյուզիքլը:

– Մեր մյուզիքլը սիրողական է: Ոչ պրոֆեսիոնալ մի խումբ երիտասարդներ, որոնց  8 ամիս սովորեցրել են երգել, պարել, լինել բեմում, աշխատել են մասնագետների հետ, հանդես կգան մեծ բեմում: Եվ առհասարակ կարծում եմ՝ համեմատել անգամ չի կարելի, քանի որ բոլորովին այլ հարթակների վրա ենք գտնվում:

– «Գեղեցկուհին և հրեշը» թեմայի շուրջ հետաքրքրությունը կարծես թե մեծանում է: Գարնանը մեծ էկրաններ կբարձրանա «Դիսնեյի» նկարահանած համանուն ֆիլմ-հեքիաթը, որի միայն թրեյլերը հսկայական դիտումներ է գրանցել համացանցում: Ինչպե՞ս կբացատրեք «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի հանդեպ մեծ հետաքրքրությունը:

– Մենք անցյալ տարի բեմադրեցինք մեր մյուզիքլը, նրանք էլ մեզ կրկնօրինակեցին…Կատակում եմ իհարկե: Պարզապես շատ գեղեցիկ հեքիաթ է՝ մեծ ասելիքով:

Երաժշտական ռեժիսոր Զառա Վիրաբյանը, ով երկար տարիներ աշխատել է ԱՄՆ-ում, նշեց, որ չէր ցանկանա համեմատել ամերիկյան և հայկական մյուզիքլները, քանի որ համարում է, որ  Հայաստանում այս ժանրը դեռ նոր է ծիլեր տալիս: «Հայաստանում շատ են տաղանդավոր երիտասարդները: Մեծ ցանկության և երևակայության դեպքում, անգամ չնչին ֆինանսավորմամբ, կարելի է հետաքրքիր մյուզիքլներ բեմադրել»,- նշում է Զառան:

Քրիստինե Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս