Բաժիններ՝

«Իմ հաճախորդները սիրով վճարում են իրենց ընտրած հագուստի դիմաց». դիզայներ Արփինե Կոշտոյան

Դիզայներ Արփինե Կոշտոյանը կարճ ժամանակահատվածում կարողացավ մեծ հետաքրքրություն առաջացնել իր ստեղծած «Koshtoyan Fashion» բրենդի շուրջ: Լինելով «նորեկ» այս ասպարեզում՝ նրան հաջողվեց գրավել շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերի ուշադրությունը, որոնք այսօր կրում են նրա զգեստները: Ավելին, նրանցից շատերն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում և հաճույքով նշում են, որ կրում են «Koshtoyan»: Հաճախ  նման «կայծակնային» հետաքրքրության արդյունքը բարտերային կամ «նվերային» համագործակցության հետևանք է, սակայն՝ ոչ Արփինեի դեպքում: «Իմ բոլոր հաճախորդները սիրով վճարում են իրենց ընտրած հագուստի դիմաց»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է Արփինեն:

– Ինչպե՞ս ընդգրկվեցիք նորաձևության ասպարեզ:

– Մանկուց մի երազանք ունեի. տիկնիկներիս վերածել իրական գեղեցկուհիների և նրանց համար գեղեցիկ զգեստներ կարել: Այդ երազանքին հաջորդեց ընդունելությունը Գեղարվեստի պետական ակադեմիա: Մասնագիտական կրթության հետ զուգահեռ՝ ստեղծում էի էսքիզներ, որը կարելի է աշխատանք համարել: Հետագայում հասունացավ սեփական բրենդը ստեղծելու գաղափարը և, իհարկե, պահը:

Կարդացեք նաև

– Ցանկացած երազանք իրականություն դարձնելու համար, բացի ցանկությունից, նաև ռեալ ֆինանսական ներդրում է պահանջում: Ովքե՞ր եղան Ձեր աջակիցներն այդ հարցում:

– Բնականաբար, որքան էլ մեծ լինի ցանկությունը, եթե չլինի ֆինանսական ներդրում, որևէ գործ սկսելն անհնար կլինի: Եվ իմ երազանքը ևս բացառություն չէ: Փառք Աստծո, իմ կողքին կանգնած է ընտանիքս, ով և ներդրում է արել իմ նախաձեռնած բիզնեսում:

– Ովքե՞ր են Ձեր հաճախորդները: Նրանց շարքերում քիչ չեն նաև հայտնի կանայք և նրանց բալիկները:

– Իմ հաճախորդները նրբագեղ կանայք են, ովքեր սիրում են հագնվել հետաքրքիր, բայց լինել էլեգանտ: Իսկապես հանրային ճանաչում ունեցող կանանցից շատերն են նախընտրում իմ ձեռագիրը, սակայն ես չեմ կարող անուններ տալ, քանի որ նրանք շատ են:

– Գաղտնիք չէ, որ դիզայներները, որպես գովազդային քայլ, դիմում են ճանաչում ունեցող դեմքերի՝ նրանց նվիրելով իրենց հագուստները, կամ բարտեր տարբերակով համագործակցում են հեռուստատեսային նախագծերի հետ: Ինչպե՞ս եք Դուք գտել Ձեր հայտնի հաճախորդներին:

– Նման համագործակցություն չեմ ունեցել: Բարտերային տարբերակով համագործակցելու առաջարկներ շատ են լինում, սակայն ես ունեմ իմ հաճախորդները և պարզապես չեմ կարող ժամանակ հատկացնել համագործակցության այդ տարբերակին: Նվերների տարբերակ ևս չի գործել, իմ հաճախորդները սիրով վճարում են իրենց ընտրած հագուստի դիմաց: Գովազդային մեր միակ տարբերակը որակյալ և հետաքրքիր հագուստի ստեղծումն է: Կանայք կրելով իմ հագուստը՝ խորհուրդ են տալիս նաև իրենց երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի ընկերուհիներին, բարեկամներին… Եվ այդ կերպ այսօր ունենք այն, ինչ ունենք:

– Որքանո՞վ շահավետ բիզնես է իրենից ներկայացնում Հայաստանում սեփական բրենդի հիմնումը:

– Իմ աշխատանքի մեջ ամենից շատ ինձ գրավում է հագուստի ստեղծման ընթացքը, շփումը հաճախորդի հետ: Երբ այդ համագործակցության մեջ կարողանում եմ գտնել այն, ինչ ներդաշնակ է տվյալ անձի կերպարի հետ, դա աշխատանքիս ամենասիրելի հատվածն է: Ֆինանսական հարցն այս գործում ինձ առանձնապես շատ չի գրավում, այն երկրորդ պլանում է:

– Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ դիզայներն անձամբ է նկարահանվում իր հավաքածուի ֆոտոշարքում:

– Սիրում եմ ստեղծել հավաքածու և այն պատկերացնել անմիջապես մոդելի վրա: Պրոֆեսիոնալ մոդելները շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք կրել հագուստը, որպեսզի այն շատ ավելի ներկայանալի լինի: Մեր հավաքածուները միշտ ներկայացնում է մեր բրենդի դեմքը: Մշտապես տեսնելով նույն աղջկան՝ տարբեր հավաքածուներում, կտեսնեն, թե ինչպես է նա ցանկացած ոճի մեջ գտնում հագուստը կրելու գրագետ լուծումը: Դա ևս հուշում է ապագա հաճախորդի համար, թե որքանով է այդ հագուստն իրենը: Ունենք նաև ֆոտոշարքեր հանրային մարդկանց մասնակցությամբ, բայց դա չի համարվում սեզոնային  հավաքածու:

– Ո՞րն է Ձեր ձեռագրի առանձնահատկությունը:

– Ստեղծել ինքնավստահ կերպարներ և ցանկացած ոճի մեջ գտնել էլեգանտության շունչը:

– Նորաձևության աշխարհի համաշխարհային ո՞ր դեմքերն են ազդեցություն թողել Ձեր՝ որպես մոդելավորողի, կայացման հարցում:

– Սիրում եմ «Dior»-ի և «Valentino»-ի մշտապես կանացի ոճը: Ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Գյուստավ Կլիմտը, Էդգար Դեգան և Ժանսեմը:

– Որքանո՞վ են մատչելի Ձեր հագուստները:

– Մեզ մոտ կարող են գտնել տարբեր արժեքի հագուստ, ընտրել այն, ինչ հասանելի է տվյալ անձի գրպանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս