Հայտնի մարդիկ, ովքեր մահացել են 2016 թվականին
Ընթացիկ տարին մոտենում է իր ավարտին: Ցավոք սրտի, այս ժամանակահատվածում կյանքից հեռացել են մի շարք երևելի մարդիկ՝ երաժշտության, կինեմատոգրաֆի, սպորտի ներկայացուցիչներ: 2016 թվականն արդեն անվանում են «սև տարի»:
Դևիդ Բոուի
Դևիդ Բոուի (անգլ.՝ David Bowie, հունվարի 8, 1947, Բրիքսթոն – հունվարի 10, 2016, Նյու Յորք), բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր։ 50 տարի զբաղվել է երաժշտությամբ և հաճախ է փոխել ոճը, այդ իսկ պատճառով էլ նրան անվանել են «ռոք երաժշտության քամելեոն»:
Ալան Ռիքման
Ալան Սիդնի Պատրիկ Ռիքման (անգլ.՝ Alan Sidney Patrick Rickman, փետրվարի 21, 1946, Համմերսմիթ – հունվարի 14, 2016, Լոնդոն), բրիտանացի կինոյի և թատրոնի դերասան, կրկնօրինակող դերասան, ռեժիսոր։ «Ոսկե գլոբուս»,«Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր։
Ումբերտո Էկո
Ումբերտո Էկո (իտալ.՝ Umberto Eco, հունվարի 5, 1932, Ալեսանդրիա – փետրվարի 19, 2016, Միլան), իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, նշանագետ, գրաքննադատ։ Նրա առավել հայտնի գործերից են «Վարդի անունը» (Il nome della rosa, 1980), «Գեղեցիկի պատմությունը» (Historia de la belleza) և «Ֆուկոյի ճոճանակը» (Il pendolo di Foucault, 1988) գրքերը։
Հարփեր Լի
Նելլ Հարփեր Լի (անգլ.՝ Harper Lee, ապրիլի 28, 1926, Մոնրովիլ – փետրվարի 19, 2016, Մոնրովիլ), ամերիկյան գրող, «Ծաղրասարյակ սպանելը․․․» (անգլ.՝ To Kill a Mockingbird, 1960) վեպի հեղինակ (Պուլիցերյան մրցանակ, 1962)։
Նատալյա Կրաչկովսկայա
Նատալյա Լեոնիդովնա Կրաչկովսկայա (նոյեմբերի 24, 1938, Մոսկվա – մարտի 3, 2016, Մոսկվա), խորհրդային, ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ:
Գեղամ Գրիգորյան
Գեղամ Միհրանի Գրիգորյան (հունվարի 29, 1951, Երևան – մարտի 23, 2016, Երևան), հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։ Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982)։
Յոհան Կրոյֆ
Յոհան Կրոյֆ (հոլ.՝ Hendrik Johannes Cruijff, ապրիլի 25, 1947, Ամստերդամ – մարտի 24, 2016, Բարսելոնա), հոլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող։
Զահա Հադիդ
Զահա Մոհամադ Հադիդ՝ (անգլ.՝ Zaha Mohammad Hadid հոկտեմբերի 31, 1950, Բաղդադ – մարտի 31, 2016, Մայամի) ծնունդով իրաքցի բրիտանացի ճարտարապետ և դիզայներ։ 2004 թ. հադիդը դարձել է Փրիթցքերի մրցանակին արժանացած առաջին կին ճարտարապետը։
Փրինս
Փրինս Ռոջերս Նելսոն (անգլ.՝ Prince Rogers Nelson; հունիսի 7, 1958 – ապրիլի 21, 2016), ամերիկացի երաժիշտ, երգիչ, երգահան, բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը:
Մուհամեդ Ալի
Մուհամմեդ Ալի (Մուհամմադ Ալի) (անգլ.՝ Muhammad Ali, հունվարի 17, 1942, Լուիսվիլ – հունիսի 3, 2016, Սքոթդեյլ) աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ։
Օֆելյա Համբարձումյան
Օֆելյա Կարապետի Համբարձումյան (հունվարի 9, 1925, Երևան – հունիսի 13, 2016), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1959)։
Ջին Ուայլդեր
Ջերոմ Սիլբերման (անգլ.՝ Jerome Silberman, հունիսի 11, 1933, Միլուոքի – օգոստոսի 29, 2016, Stamford) առավել հայտնի Ջին Ուայլդեր (Gene Wilder) բեմական կեղծանվամբ, ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Ուայլդերի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Վիլի Վոնկան և շոկոլադի ֆաբրիկան», «Չեմ տեսնում, չեմ լսում» և այլն։
Լեոնարդ Քոհեն
Լեոնարդ Նորման Քոհեն (անգլ.՝ Leonard Norman Cohen, սեպտեմբերի 21, 1934, Վեսթմաունթ- նոյեմբերի 7, 2016, Լոս Անջելես), կանադացի պոետ, գրող, երգիչ, երգերի հեղինակ։ Առաջին բանաստեղծական հավաքածուն թողարկվել է 1956 թվականին։
Ներսես Հովհաննիսյան
Ներսես Գեդեոնի Հովհաննիսյան (հոկտեմբերի 12, 1938, Երևան – հոկտեմբերի 23, 2016, Մոսկվա), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013)։
Օլեգ Պոպով
Օլեգ Կոնստանտինովիչ Պոպով (հուլիսի 31, 1930, Վիրուբովո – նոյեմբերի 2, 2016, Դոնի Ռոստով), կրկեսի արտիստ, ծաղրածու։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։
Ֆիդել Կաստրո
Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուս (օգոստոսի 13, 1926, Բիրան – նոյեմբերի 25, 2016, Հավանա) կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ, Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր։
Ֆաինա Մելնիկ
Ֆաինա Գրիգորևնա Մելնիկ (հունիսի 9, 1945, Բակոտա – դեկտեմբերի 16, 2016, Մոսկվա), խորհրդային սկավառականետորդ և գունդ հրող։ Եվրոպայի երկակի չեմպիոն (1971,1974), Օլիմպիական խաղերի հաղթող (1972) ոսկե մեդալակիր սկավառականետում մարզաձևում, երեք Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը