Քաղաքացին այլևս ստիպված չի լինի մի տեղեկանքի համար տարբեր ատյանների դռներ թակել

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ամփոփեց 2016 թվականը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում առանձնացրեց 2016թ. ներդրված պրոբացիոն ծառայությունը. 2016թ. սեպտեմբերի 1-ից սկսել է գործել Պրոբացիայի պետական ծառայությունը: Այն իրականացնում է ազատությունից չզրկելու հետ կապված պատիժները:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում 19.12.2016թ. դրությամբ հաշվառման մեջ է 2813 դատապարտյալ, որոնք պրոբացիայի պետական ծառայության շահառու են:

Նա նաև առանձնացրեց միասնական գրասենյակների գործարկումը: Միասնական գրասենյակներում մատուցվում են Ոստիկանության մի շարք գործառույթներին վերաբերող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ծառայություններ:

«Մարդիկ գնում էին պետական մարմիններ, ունենում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժգոհություններ: Հաճախ ստիպված էին լինում գնալ մի քանի պետական մարմիններ՝ մի թուղթը պատրաստի ունենալու համար: Այսօր դա այլևս պարտադիր չէ: Մենք հնարավորություն ենք տվել, որ օպերատորների միջոցով, բանկերի կամ «Հայփոստի» գրասենյակների միջոցով քաղաքացին կարողանա մտնել մեկ տեղ, վերադառնալ նույն վայր, ստանալ փաստաթուղթը՝ կնքված, պատրաստի վիճակում՝ հաստատված, թարգմանված, ապոստիլով վավերացված»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև ապօրինի հարստացման քրեականացմանը. 2017թ. հուլիսի 1-ից ամբողջական փաթեթով այն կմտնի ուժի մեջ:

Անդրադառնալով հետադարձ ուժին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ-ն միացել է միջազգային կոնվենցիաների, որոնք արգելում են հետադարձ ուժ տալ օրենքին, որը խստացնում կամ վատթարացնում է մինչ այդ գոյություն ունեցող օրենքները:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ապօրինի հարստացման քրեականացումը չի կարող արդյունավետ գործել, եթե գործի, միայն քրեականացմամբ խուսափելու կամ շրջանցելու եղանակները բազմաթիվ կլինեն: Այդ պատճառով, ըստ նրա, մշակվել է պաշտոնատար անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները սահմանափակող օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց ցանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս