Հերթական կամայական որոշումը. Տարոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի. ՀՔԱՎ
2016 թ. նոյեմբերի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի՝ սույն թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու՝ նրա խոսքն արհամարհական ձևով ընդհատելու և վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:
Հիշեցնենք՝ նիստի ընթացքում, երբ Անահիտ Բախշյանը փորձել է մեկնաբանություն ստանալ Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի Տիգրան Սարգսյան փողոցի գազոնների վերացման 20 քմ մակերեսով նախագծման թույլտվության վերաբերյալ, մասնավորապես՝ թե ինչու է շինթույլտվությամբ տարածքը որակվել որպես հարթ և անբարեկարգ, իսկ լուսանկարներն այլ բան են փաստում, Տարոն Մարգարյանը հակադարձել է՝ «Այո, լավ ենք արել, տվել ենք ու էլի տալու ենք: Ու ինչքան զոհվածի ընտանիք կա, իրանց կողքին եմ լինելու, ինչքան էլ փորձեք նախանձաբար, ինչքան էլ փորձեք նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել, որ իրենք են ուզում»: Ապա երբ Ա. Բախշյանը փորձել է արձագանքել, քաղաքապետը կրկին ընդհատել է նրան՝ «Ձեր ձենին կարոտ չենք։ Հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա Ձեր փիառից խոսաք»:
Տարոն Մարգարյանի վարքը հակասում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջներին, որով, ի թիվս այլ դրույթների, սահմանվում է, որ հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորի իր պաշտոնին վայել վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերի բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Չնայած նրան, որ նույն օրենքի 44-րդ հոդվածը հստակ սահմանում է էթիկայի հանձնաժողովի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքերը, այն է՝ որևէ անձի դիմումի հիման վրա, իր նախաձեռնությամբ, բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով, Հանձնաժողովը, այս անգամ էլ կամայականորեն մեկնաբանելով օրենքը, 2016 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը՝ պնդելով, որ հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել, քանի դեռ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում՝ հղում կատարելով Հանձնաժողովի մեկ այլ որոշման:
Նշենք, որ Հանձնաժողովը նույն դիրքորոշումն էր հայտնել լրագրող Սիրանույշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի առնչությամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ