Հայաստանում հունվարի 1-ից շրջանառությունից դուրս են բերվում աշխատանքային գրքույկները
Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից դուրս են բերվում աշխատանքային գրքույկները: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը, գործատուներն այդ աշխատանքային գրքույկները պետք է ներկայացնեն համապատասխան լիազոր մարմին:
«Այդ լիազոր մարմինը պետք է բոլոր աշխատանքային գրքույկները սկանավորի ներառի տեղեկատվական համակարգ: Լիազոր մարմին է սահմանված Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Եթե մենք պատկերացնում ենք, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա ակնհայտ է, որ սա բավական լուրջ ծանրաբեռնվածություն է լինելու ծառայության վրա»,-ասաց Սմբատ Սաիյանը: