Արտակարգ իրավիճակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. երկու դատապարտյալ է դանակահարվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ վիճաբանություն է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ 22 խցի երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Երկուսի վիճակն էլ երեկ ծանր էր: Թե ինչն է եղել պատճառը, դեռեւս պարզել չհաջողվեց:

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վաղ առավոտից տեսակցությունները եւս սահմանափակ են եղել: Շատերին, այդ թվում միջադեպի մասնակից դատապարտյալներին, ընդհանրապես արգելել են որեւէ մեկի հետ խոսել: Ըստ երեւույթին, ՔԿՀ-ում լարված մթնոլորտը վաղ առավոտից է տիրել, եւ օրն ավարտվել է դանակահարությամբ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շտապ կանչով ՔԿՀ են ժամանել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները, որոնք կալանավայրերի նկատմամբ վերահսկողական գործառույթ ունեն, եւ իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ: Նրանք տեղում քննչական աշխատանքներ են իրականացրել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ի պատասխան մեր հարցի` ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ասացին. «Այո, հաստատում ենք, որ եղել է միջխցային միջադեպ։ Նյութեր են նախապատրաստվում։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Հիշեցնենք` վերջին օրերին ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց դեպքեր են բացահայտվում: Նախ քրեական գործեր հարուցվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառներ մատակարարելու գործով: Կալանավորվեցին քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը եւ պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը: Ապա հայտնի դարձավ, որ «Արթիկ» ՔԿՀ-ում Հովհաննես անունով դատապարտյալն է ինքնավնասում արել, մի քանի այլ դատապարտյալներ ծեծկռտուքի մեջ են հայտնվել եւ այլն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս